Թոմ Քրուզը վնասվածքից հետո շուտով կվերադառնա նկարահանումներին
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը, որը լուրջ վնասվածք էր ստացել «Առաքելությունն անիրագործելի է» լրտեսական կինոսագայի վեցերորդ մասի նկարահանումների ժամանակ, հայտնել է, որ մի քանի շաբաթից կվերադառնա նկարահանման հարթակ։
Օգոստոսին Paramount Pictures ամերիկյան կինոստուդիան ֆիլմի նկարահանումները դադարեցրել էր այն բանից հետո, երբ 55-ամյա Քրուզը հնարք կատարելու ժամանակ կոտրեց կոճը:
TMZ պորտալը հրապարակել է մի տեսահոլովակ, որտեղ երեւում է, թե ինչպես է վտանգից ապահովված դերասանը փորձում մեկ տանիքից ցատկել մյուսը, բայց վրիպում է եւ խփվում շենքի պատին: Այնուհետեւ նա բարձրացել է տանիք եւ ապահովիչ գոտիների օգնությամբ հետ է ցատկել, ինչից հետո նրան տարել են նկարահանման խմբի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Քրուզը կոտրել է սրունքաթաթային հոդի երկու ոսկորները, ինչպես նաեւ վնասել ազդրը: Կինոստուդիայում նշել են, որ նկարահանումները չեն վերսկսվի, քանի դեռ դերասանը, որը նկարահանումների ժամանակ հաճախ է ինքնուրույն հնարքներ կատարում, լիովին չի ապաքինվել: «Ամեն ինչ լավ է, շնորհակալություն ձեր հաղորդագրությունների եւ մաղթանքների համար: Ես պատրաստվում եմ նկարահանումներն սկսել մի քանի շաբաթ հետո»,-պատմել է Քրուզը Extra հեռուստաալիքին Լոնդոնում, որտեղ նա ներկայում ներկայացնում է իր նոր՝ «Պատրաստված է Ամերիկայում» կինոնկարը:
Ռեժիսոր Բրայան դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի է» կինոսագայի առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 1996 թվականին: Կինոնկարի վեցերորդ մասի թողարկումը պլանավորված է 2018 թվականի հուլիսին: Հայտնի է, որ սյուժեն կապված է գաղտնի գործակալ Իթան Հանթի պատմության շարունակության հետ, որի դերակատարը բոլոր ֆիլմերում Քրուզն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: