Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան հավանություն տվեց հիմնական օրենքի ընդունման հանրաքվեին
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան հավանություն է տվել այն հանրաքվեի անցկացմանը, որին դրվելու է երկրի նոր հիմնական օրենքի՝ իր կողմից մշակված տեքստը: Համապատասխան որոշումը միաձայն ընդունվել է հիմնադիր մարմնի օգոստոսի 24-ի նիստում, որը հեռարձակվում էր VTV հեռուստաալիքի եթերում:
«Սահմանադրության նախագծի քննարկումն ավարտելուց հետո Սահմանադրական ասամբլեան կհաստատի հիմնական օրենքի տեքստն ամբողջ ծավալով և կնշանակի հանրաքվեի անցկացման ամսաթիվը՝ դրան հավանություն տալու համար: Եթե հանրաքվեի արդյունքը դրական լինի, Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահը՝ որպես պետության և կառավարության ղեկավար, պաշտոնապես կհռչակի նոր սահմանադրությունը»,- ասված է հրամանագրում, որն ընթերցվել է նիստում:
Ինչպես նշել է Սահմանադրական ասամբլեայի նախագահ Դելսի Ռոդրիգեսը, հիմնադիր մարմինը նոր սահմանադրության մշակմանը ձեռնամուխ կլինի հաջորդ շաբաթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: