Ֆրանսիացիները չեն ցանկանում վճարել «առաջին տիկնոջը»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Guardian-ը, կարող է ժողովրդական ապստամբություն առաջացնել իր կնոջն «առաջին տիկնոջ» պաշտոնական պաշտոն տրամադրելու իր պլաններով:
Ավելի քան 150 հազար ֆրանսիացիներ են ստորագրել այդ որոշման դեմ ուղղված հանրագիրը, որի արդյունքում Բրիջիտ Մակրոնը կստանա գրասենյակ, աշխատակիցների անձնակազմ եւ աշխատավարձ, տեղեկացնում էBBC-ին:
Այդ բողոքները, նշում է թերթը, տեղի են ունենում Ֆրանսիայում Մակրոնի առանց այն էլ նվազող ժողովրդականության ֆոնին: Հուլիսի հարցումների համաձայն՝ ֆրանսիացիների սոսկ 36 տոկոսն է գոհ իր նոր ղեկավարից: Նախագահության նույն ժամանակամիջոցում նրա նախորդներ Ֆրանսուա Օլանդի եւ Նիկոլա Սարկոզիի գործունեությունն արժանացել է ընտրողների համապատասխանաբար 56 տոկոսի եւ 66 տոկոսի հավանությանը:
Իր նախընտրական արշավի ընթացքում Մակրոնը խոստացել է «հստակեցնել» Ֆրանսիայի նախագահի տիկնոջ դերը՝ նրան տրամադրելով պաշտոնական կարգավիճակ: Նա այս ոլորտում ներկայիս իրավիճակը համարել Է ֆրանսիական երեսպաշտության օրինակ: Ֆրանսիայի այժմյան Սահմանադրությունը եւ Ելեիսեյան պալատի պաշտոնական կանոնակարգը պաշտոնական կարգավիճակ չեն ենթադրում նախագահի կնոջ համար, սակայն թույլ են տալիս նախագահական բյուջեից տարեկան մոտավորապես 450 հազար եվրո ծախսել նրա պահպանության, օգնականների եւ գրասենյակ պահելու համար:
Guardian-ը մեջբերում է ֆրանսիացի դերասան եւ գրող Տիերի Պոլ Վալետին, որն ստորագրել է հանրագիրը. «Հարկ չկա պետության ղեկավարի կնոջը հատուկ բյուջե տրամադրել հանրային միջոցներից: Այժմ Բրիջիտ Մակրոնը երկու կամ երեք օգնական, երկու քարտուղար եւ երկու պահապան զինվոր ունի, եւ դա բավական է»: Ո՛չ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը, ո՛չ էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ամուսինը ոչ մի պաշտոնական կարգավիճակ էլ չունեն, նշել է Guardian-ը:
ԱՄՆ-ում, 1978 թվականի օրենքի համաձայն՝ Դոնալդ Թրամփի տիկինը՝ Մելանյան, ունի 12 աշխատակիցներից բաղկացած անձնակազմ եւ «առաջին տիկնոջ» կարգավիճակ: