Մեկ հարցում բոլոր ինքնավարները համակարծիք են. Օսմանյան Հայաստանին ինքնավարություն տալ

aliq.ge կայքը ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 22-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» պարբերականներում, 1916 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:

Ժողովրդական թերթիկ 1916/09/30 #685
Թիֆլիս, սեպտեմբերի 30, 1916թ.

Հայաստանի հարցը
Պարոն Մագիստրոսի նամակը, ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի հայության մոտ տարբեր կարծիքներ է առաջացրել եւ անհնար էր, որ այդպես չլիներ: Մագիստրոսը այնպես կտրուկ դրեց Օսմանյան Հայաստանի ինքնավարության հարցը և նույն` կտրուկ կերպով էլ բացառեց այն, որ չէր կարող դժգոհություն չառաջացնել հայ ինքնավարների մոտ: Դժգոհներից մեկը պարոն Ջիվելեգովն է: Հնարավոր է ինքնավարների ծրագրերը տարբերվեն, նրանց միջև վերջնական համաձայնություն չլինի, սակայն մի բանում գոնե բոլոր ինքնավարները համակարծիք են․ բոլորն անհրաժեշտ են համարում Օսմանյան Հայաստանին ինքնավարություն տալը: Դա անհրաժեշտ է, որովհետև Ռուսաստանը և իր դաշնակիցները պայքարում են փոքր ազգերին ազատագրելու համար և հայերն էլ նման ազգ են, այնպես չէ՞: Ի վերջո, անհրաժեշտ է, քանի որ Հայաստանը պայքարում էր ազատության համար։ Շատ արյուն է հոսել եւ այդ ամենին փոխհատուցում է պետք: Այսպիսին են այն ընդհանուր մոտեցումները, ինչի արդյունքում հայերը ինքնավարություն են պահանջում: 

Պատերազմի սկզբնական շրջանում ճիշտ այսպես էր դրված Հայաստանի հարցը և Ռուսաստանի հասարակական և քաղաքական շրջանակները կոնկրետ ոչինչ չէին ասում: Միայն վերջին ժամանակաշրջանում Միլյուկովը` նոր, ավելի որոշակի բանաձև տվեց Հայաստանի հարցին: Հստակ է, որովհետև շատ պարզ բանաձև է: Նա մասնավորապես հայտարարել է. անհրաժեշտ է` ոչ թե ինքնավարություն, այլեւ միացում: Այս բանաձևը, չնայած իր պարզությանն ու որոշակիությանը, դեմ է հայերի` նունպես պարզ և որոշակի բանաձևին՝ Հայաստանի ինքավարությանը: 

Ռուսների համար առաջին փոփոխությունն արեց Միլյուկովը, հայերի մեջ՝ Մագիստրոսը, սակայն, քանի որ հայերի շրջանում դեռևս ինքնավարության կողմնակիցներ կան, վերջինների և միացման կողմնակիցների միջև վեճ է ծագել:

Հայրենիք 1916/10/5 #452

Այվալից փախստականներին Միտիլյան կղզում ասել են, որ օսմանցիները Կոնստանդնուպոլսում ձերբակալել են հույների պատրիարքին, շատ հոգևորականների, ինչպես նաեւ 500 հայտնի, ազդեցիկ հույն գործիչների:

Ժողովրդական թերթիկ 1916/10/07 #690 

Հայկական «Արև» թերթը, որը լույս է տեսնում Եգիպտոսում, հետևյալ տեղեկություններն է փոխանցում Օսմանյան կայսրությունից քշված հայերի մասին: Կոնիայում և Էրեիլում 400 ընտանիք կա: Նրանց պաշտպանում է Կոնիայի «Չելեբը» (ղեկավարը): Բազանթ քաղաքում 200 ընտանիք կա, իսկ Ռաջոդոյում՝ 1.500 հայ, որոնց օգնում է տեղի հայ բնակչությունը: Գամա և Գոմի քաղաքում մոտ 20 հազար հայ կա, ովքեր ապրում են իրենց աշխատանքով: Դամասկոսում 7 հազար հայ է գտնվում, ովքեր արդեն տեղավորվել են: Երուսաղեմում 30 հազար հայ կա, որոնց մասին հոգ է տանում Ստամբուլի նախկին պատրիարք, արքեպիսկոպոս Օրմանյանը: Սրանից բացի, 10 հազար հայ, 20-40 տարեկան, աշխատում են երկաթգծի շինարարության վրա: Հայոց կաթողիկոսը մինչ պատերազմի սկիզբը՝ 1916 թվականի սեպտեմբերի 1-ը, «Արարատի» տեղեկացմամբ, հայ փախստականներին է ուղարկել 2.558.869 մանեթ:

Վրաստան 1916/10/8 #223

Թեհրանից «Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ մի կողմից Պարսկաստանի ժամանակավոր կառավարության, մյուս կողմից օսմանա-գերմանական կառավարությունների միջև ռազմական և ֆինանսական համաձայնագիր-դաշինք է կազմվել: Այս համաձայնագրի ուժով Պարսկաստանը պետք է զինի 40 հազար ժանդարմ: Թեհրանից փախած հայերին վերադարձնում են հետ: Թեհրանում ժանտախտ է: Հայոց կաթողիկոսը փախստականների համար 2.558.869 մանեթ է ստացել:

Հայրենիք 1916/10/9 #455

Մոտ ապագայում հայ եպիսկոպոս Թորգոմը կուղևորվի Աբաշեթ, Հնդկաստան և Իավա կղզի: Նրա նպատակն է նվիրատվություններ հավաքել հայերի համար: Հայոց կաթողիկոսն օրհնության գիր է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին: Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի նախագահին` հայերին ցուցաբերած օգնության համար։

Վրաստան 1916/10/12 #226

Հայերի միջև
Փախստականների նոր ալիքները
Կառավարությունն անհրաժեշտ է համարել, որ փախստական հայերին հյուրընկալեն Խնուսից, Երզնկայից, Բայբուրթից, Կարսի նահանգից և այլ վայրերից: Ասում են՝ մեծ թվով փախստականներ են հայտնվելու Կարսի նահանգ: Աքսորվածների պատասխանատու գեներալ Թամամշևը հետեւյալ հարցն է ուղղել Հայկական կենտրոնական կոմիտեին` «Պարտավորվո՞ւմ եք այս ժողովրդին տիրություն անել»: Կոմիտեի համաձայնությունը տրված է և ծախսերի վերաբերյալ աշխատանք է տարվում:
Գումարի ուշացում
Գեներալ Թամամշևի հրամանով Հայկական կենտրոնական կոմիտեին կտրվի 315 հազար մանեթ, ինչը կօգտագործվի հայ որբերի ապաստանների՝ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ծախսերը հոգալու համար:

Վրաստան 1916/10/14 #228

Էջմիածին

Թբիլիսիում ստացված տեղեկությունների համաձայն՝ բոլոր տեսակի ընտանի կենդանիների թվաքանակը նվազել է, ինչի հետևանքով մեծ գնաճ է: Շաքար ընդհանրապես չկա, իսկ մեկ փութ անորակ հացն արժե 15-20 կոպեկ, մեկ փութ նավթի դիմացի տալիս են 20 թեթրի, սակայն նավթ չկա:

Հայկական կենտրոնական կոմիտեն սեպտեմբերի 14-ին աքսորվածների համար Թբլիլիսիից տարբեր պահեստներ է ուղարկել.

1) Աղստաֆա՝ 4 վագոն ալյուր, 2) Գումբար՝ 4 վագոն ալյուր, 3) Գանջա՝ 2 վագոն, 4) Իգդիր՝ 4 վագոն, 5) Վաղարշապատ՝ 3 վագոն, 6) Ղարաքիլիսա՝ 2 վագոն, 7) Երևան՝ 3 վագոն, 8) Սարիղամիշ՝ 1 վագոն: 

Բացի դրանից, Ստավրոպոլից գնած ալյուրը ուղարկվել է․

1) Սարիղամիշ՝ 3 վագոն, 2) Էրզրում՝ 2 վագոն, 3) Ղարաքիլիսա՝ 3 վագոն, 4) Էջմիածին՝ 5 վագոն, 5) Վամարլա՝ 2 վագոն, 6) Իգդիր՝ 3 վագոն: 

Կոմիտեն նաև ձեռք է բերել և ուղարկել 6 վագոն նավթ:

Փախստականների համար գումարի փոխանցում

Գեներալ Թամամշևը հրաման է արձակել Քաղաքների միության բաժնին փոխանցել 500 հազար մանեթ՝ աքսորվածների ծախսերը հոգալու համար:

Ալյուրի ձեռք բերում

Հայկական կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների համար ռազմական սնունդ գնող պարոն Դանիլևսկին 19 վագոն ալյուր է հատկացրել Եկատերինոդարում: Կոմիտեն փորձում է վագոններ գտնել և տեղափոխել ալյուրը: Հայկական կենտրոնական կոմիտեի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Կամարլիում սնունդը պակասել է: Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիից ուղարկված ալյուրը դեռևս տեղ չի հասել:

Վրաստան 1916/10/18 #231

Գեներալ Թամամշևի հայտարարությունը

Կովկասյան ճակատի փախստականների գլխավոր հոգեբարձու գեներալ Մ. Թամամշևը հայտարարում է. «Ռուսաստանի՝ Օսմանյան կայսրության դեմ պատերազմը 2 տարի շարունակ պահանջեց ունեցած միլիոնները ծախսել: Այս գումարը հայ փախստականներին տեղավորելու համար էր նախատեսված, որոնք մեծ ալիքով Օսմանյան կայսրությունից Ռուսաստան ներխուժեցին` որպես թուրքահպատակներ: Ծախսերն այս պահին կազմել են 25 միլիոն մանեթ և այս թիվն օրեցօր աճում է, ռուսական զորքի` Օսմանյան կայսրության տարածքում առաջխաղացման հետեւանքով: Արդյունքում փախստականների ալիքն է՛լ ավելի է ուժգնանում: Այժմ կովկասյան ճակատում օգնություն պետք է ապահովվի, դեռևս միայն 200 հազար հայ փախստականի, եթե չհաշվենք այլազգի փախստականների համար: Ռուսաստանի կառավարության հոգածությամբ, այժմ նրանց համար ստեղծվել են սննդի կետեր, պահեստներ, հիվանդանոցներ, դպրոցներ և ապաստաններ երեխաների համար: Բացի դրանից, փախստականներին սնունդ է տրվում և բնակարանի գումար, հագուստ և ներքնազգեստ: Հայրենիք վերադառնալու ժամանակ նրանց վարկ է տրամադրվում` ընտանիքները վերականգնելու, սերմնացու, ապրանք և գյուղատնտեսական պարագաներ ձեռք բերելու համար: Սրանից զատ հայ մտավորական փախստականներին կառավարության կողմից տրվում է 3 միլիոն մանեթի երկարաժամկետ վարկ:

Վրաստան 1916/10/23 #236

Հայկական կենտրոնական կոմիտեն քննարկել է պատերազմից տուժած կարիքավորների՝ իրավիճակի մասին պատգամավոր Չխենկելիի կողմից հավաքագրած տեղեկությունները և որոշել անհապաղ այնտեղ ուղարկել իր հոգաբարձուին, ով իր հետ 5 հազար մանեթ և տաք հագուստ կտանի առավել կարիքավորների համար:

Մեծ գումար

Նախարարների խորհրդի որոշման համաձայն, փոխարքան 300 հազար մանեթ վարկ է տվել Հայկական բարեգործական միությանը՝ թուրքահպատակ հայ գյուղացիներին, արհեստավորներին և առևտրականներին օգնելու: Այս գումարից, նշված հասարակության հրամանով, հայ գրողների միությանն է տրվել 10 հազար, և 15 հազար մանեթ` աքսորված գրողներին: Մնացած 275 հազարը Արտակարգ կոմիտեն պետք է բաշխի պատշաճ կերպով: Այս կոմիտեի կազմում կլինեն «Պաստամատույց» բարեգործական և գրողների միության հասարակական կառույցի ներկայացուցիչները: Կոմիտեն կգործի Երևանում:

Հայկական բարեգործական միությունը մեկական վագոն շաքար է ուղարկել Երևան, Գյանջա և Գումբար՝ հայ փախստականներին բաժանելու:

Վրաստան 1916.10.28 #240

Աքսորվածների կարիքները

Քաղաքների միության բաժնին Իգդիրից տեղեկացնում են, որ աքսորված հայերը սննդի, հագուստի և այլ տիպի օգնության կարիք ունեն: Նրանց շրջանում բազմաթիվ հիվանդություններ են գլուխ բարձրացրել:

Սերմնացուի և սննդի փոխանցումը

Բաքվի հայկական հասարակական կազմակերպությունները որոշել են ցածր գնով ցորեն հատկացնել Գյանջայի, Երևանի և Կարսի 1000 գյուղերի:

Հայկական բարեգործական միության և կենտրոնական կոմիտեի ղեկավար Արությունովը տեսել է սենատոր Ն.Դ. Չապլինին և հակիրճ զեկուցել հայ փախստականների, ապաստարանների և դպրոցների վերաբերալ: Ապաստարաններում տեղավորված են 7 հազար մարդ, ճիշտ այնքան, որքանի համար գումար են ստանում, իսկ դպրոցներում 9 հազարի փոխարեն 20 հազար երեխա կա: Սենատորը օգնություն է խոստացել Տատիանայի կոմիտեի կողմից և նշել, որ կայցելի դպրոցներն ու ապաստարանները:

Ժողովրդական թերթիկ 1916/10/28 # 703

Ինչպես Իգդիրից տեղեկացնում են հայկական կենտրոնական կոմիտեին, Վանի կողմերում սաստիկ սով է: Քաղցած ժողովուրդը կանգնած է սննդի դատարկ պահեստների դիմաց` ալյուրի զուր սպասումներով: Իգդիրի պահեստից այնտեղ է ուղարկվել այն, ինչ հնարավոր է եղել՝ 500 փութ ալյուր, 502 փութ շաքար և 1000 փութ թեյ: Ալաշկերտից, Բայազետից հայկական կենտրոնական կոմիտեին տեղեկացնում են, որ այնտեղ սնունդը պակասել է, փախստականների շրջանում սով է։

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Տեսանյութեր

Լրահոս