Լապշինն Իսրայել արտահանձնվելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
«Նա ցանկություն է հայտնել ազատազրկումը կրել Իսրայելում: Այդ կապակցությամբ նա դիմում է գրել և ներկայացրել մեկուսարանի պետին, ով էլ այդ դիմումը կներկայացնի արդարադատության նախարարություն»,- ասել է Չերնինը:
Հուլիսի 26-ին Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել էր, որ բլոգերը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով: Փաստաբանը նշել է, որ բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատարանի որոշումը:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:
Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: