ՊՍԺ-ն Նեյմարին հորդորել է արագ որոշում կայացնել
Վերջին օրերին ամենաքննարկվող թեման բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունն է: Ֆրանսիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել անհավանական թվացող գումարներ:
Քննարկումները շարունակվում են, և, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, պայմանագիրը ստորագրելու համար պակասում է միայն Նեյմարի համաձայնությունը:
ՊՍԺ-ն հորդորել է ֆուտբոլիստին արագ որոշում կայացնել, քանի որ թե՛ ֆրանսիական, և թե՛ կատալոնական ակումբները դադարեցրել են տրանսֆերային բոլոր գործընթացները և սպասում են Նեյմարի որոշմանը:
Նեյմարը պետք է որոշում կայացնի մինչև հաջորդ շաբաթ:
Նեյմարին գնելու համար ՊՍԺ-ն պետք է վճարի հավելյալ 222 միլիոն եվրո՝ Նեյմարի հրաժարագինը, ինչպես նաև՝ 40 միլիոն Նեյմարի հորը՝ որպես բոնուս:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսե Մարիա Բարտումեուն նշում է, որ Նեյմարը դեռ 4 տարվա գործող պայմանագիր ունի, այսինքն՝ Նեյմարին գնելու համար ՊՍԺ-ն պետք է վճարի նրա հրաժարագինը: Սակայն, ըստ Բարտումեուի՝ խոսքն այնպիսի գումարների մասին է, որը հնարավոր չէ վճարել՝ առանց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու:
Այսպիսով, ըստ կատալոնական ակումբի նախագահի՝ Նեյմարի տրանսֆերն անիրականանալի է: Բացի այդ, Բարտումեուն նշել է, որ ՊՍԺ-ի պլանները խառնելու համար իրենք կարող են մի քանի կետեր ակտիվացնել Նեյմարի գործող պայմանագրում: Ըստ կատալոնացիների նախագահի՝ Նեյմարը չի վաճառվում:
Այժմ կատալոնական ակումբը Միացյալ Նահանգներում է, որտեղ մարզական հավաք է անցկացնում: Լրագրողները փորձել են հետաքրքրվել Նեյմարից, թե ինչպե՞ս է նա զգում իրեն մարզումներում: Նեյմարը նշել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Իսպանացի լրագրողները նկատել են, որ Նեյմարը շատ հանգիստ է իրեն պահում և ակտիվորեն մարզվում է՝ ունենալով լավ տրամադրություն:
Սիրարփի Աղաբաբյան