Բաժիններ՝

Հայաստանի խոշորագույն վարկատուները. թարմ ցուցանիշներ՝ ՀՀ բանկերից

ՀՀ առևտրային բանկերն արդեն հրապարակել են 2017 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ հաշվետվությունները։ 2017թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի խոշորագույն վարկատուն շարունակում է մնալ Ամերիաբանկը, որի հաճախորդներին տրված վարկերը կազմում են 405.2 մլրդ դրամ (17 առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 15.7%-ը)։

Հաճախորդներին տրված վարկերի ծավալով երկրորդը Արդշինբանկն է (354.5 մլրդ դրամ), երրորդը՝ Հայբիզնեսբանկը (305.4 մլրդ դրամ)։ Երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ խոշորագույն վարկատուների հնգյակում են նաև Անելիք բանկը և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը։

Նշենք, որ տվյալները վերաբերում են միայն հաճախորդներին տրված վարկերին և չեն ներառում բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին տրամադրած վարկերը։ Վարկային պորտֆելների ցուցանիշները մշակվել են B4B PRO համակարգով (աղբյուրը՝ բանկերի միջանկյալ եռամսյակային հաշվետվություններ)։

Վարկային պորտֆելի մեծությամբ 4 խոշորագույն բանկերին միասին բաժին է ընկնում ընդհանուր վարկերի կեսից ավելին։ Ամենափոքր վարկային պորտֆելը ունի Մելլաթ բանկը՝ 6.2 մլրդ դրամ։

Ըստ բանկերի հաշվետվությունների՝ 2017 թվականի 2-րդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրիլիոն 578.3 մլրդ դրամ։

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի՝ հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը 2017թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ (մլն դրամ)

Իսկ ինչպե՞ս է փոխվել առևտրային բանկերի վարկային պորտֆելը ։

2017 թվականի մարտի վերջի համեմատ, այսինքն՝ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում, 17 առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերն աճել են շուրջ 42 մլրդ դրամով կամ 1.6%-ով։

2016 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ՝ առաջին կիսամյակի կտրվածքով, բանկերի վարկային պորտֆելն աճել է 48.7 մլրդ դրամով կամ 1.9%-ով (եթե հիմք ենք վերցնում եռամսյակային չստուգված հաշվետվությունը)։ Իսկ 2016 թվականի տարեկան ստուգած հաշվետվությունների տվյալներով՝ այդ աճը 2.9% է։

Իսկ եթե փոփոխությունը դիտարկում ենք մեկ տարվա կտրվածքով՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջի համեմատ, ապա 17 բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի ընդհանուր ծավալն աճել է շուրջ 500 մլրդ դրամով կամ 24%-ով։

Գծապատկեր 2. ՀՀ բանկերի՝ հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը 2016-2017թթ. բոլոր եռամսյակների վերջի դրությամբ (մլրդ դրամ)

* – Տվյալների աղբյուրը բանկերի եռամսյակային (չստուգված) հաշվետվություններն են

Ընդ որում, տարվա կտրվածքով աճել են բոլոր բանկերի վարկային պորտֆելները՝ բացառությամբ HSBC Հայաստան և ՎՏԲ-Հայաստան բանկերի, որոնց վարկային պորտֆելները կրճատվել են, համապատասխանաբար, 50.3 մլրդ և 30.2 մլրդ դրամով։

Ինչպես տեսնում եք 3-րդ գծապատկերում, ամենից շատ՝ 188.7 մլրդ դրամով, աճել է Անելիք բանկի վարկային պորտֆելը։ Այս բանկի վարկային պորտֆելը 1 տարի առաջ՝ 2016 թվականի հունիսի վերջին, ընդամենը 57.5 մլրդ դրամ էր, սեպտեմբերի վերջին այն հասավ 98.7 մլրդ դրամի, իսկ չորրորդ եռամսյակի ընթացքում թռիչքաձև աճեց՝ դեկտեմբերի վերջին գերազանցելով 217 մլրդ դրամը։

Գծապատկեր 3. ՀՀ բանկերի վարկային պորտֆելների փոփոխությունը 2017 թվականի հունիսի վերջին՝ 2016 թվականի հունիսի վերջի համեմատ (մլրդ դրամ)

Մյուս բանկերի աճերը, այսպես ասած, նորմայի մեջ են և հարցեր չեն առաջացնում։

Տարվա կտրվածքով բացարձակ մեծությամբ ամենից շատ՝ 74.7 մլրդ դրամով, աճել է Ամերիբանկի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը։ Հայբիզնեսբանկի վարկային պորտֆելն աճել է 73.1 մլրդ դրամով, Կոնվերս բանկինը՝ 53.6 մլրդ դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս