«Անհրաժեշտ է ապահովել նույնանման վարչարարություն բոլոր հարկ վճարողների համար». Վարդան Հարությունյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Ծաղկաձորում մասնակցել է հուլիսի 26-ից 28-ը մեկնարկած «Ընթացիկ բարեփոխումները և հաջորդող քայլերը. պետական եկամուտների վարչարարության բարելավման ճանապարհային քարտեզ» թեմայով աշխատանքային հանդիպմանը:

Կոմիտեի ղեկավարը, կարևորելով հարկային պարտավորությունների ամբողջական հայտարարագրումը, նշել է. «Անհրաժեշտ է ապահովել նույնանման վարչարարություն բոլոր հարկ վճարողների համար և առանց որևէ վերապահման զերծ լինել կոռուպցիոն դրսևորումներից: Հարկային մարմնի վարքագիծը և կիրառվող վարչարարական ընթացակարգերը բոլոր հարկ վճարողների համար պետք է լինեն հավասար»:

ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլըը. ընթացքի մեջ է երկրորդ փուլը, որի արդյունքներն արդեն տեսանելի են: «Հուսով եմ, որ շահագրգիռ քննարկումների միջոցով կկարողանանք գտնել այն մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում առաջիկա ամիսների ընթացքում արմատապես և վերջնականապես կվերափոխվի հարկային համակարգը»,-նշել է Վարդան Հարությունյանը:

Հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վերանայվել են հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը: Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում ներդրվել է «ստվերի անձնագիրը»: Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը:

Կոմիտեի ղեկավարը կարևորել է պետական, հասարակական և միջազգային կառույցների ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի, ակնկալելով նաև միջազգային հաջողված փորձի ներդրումը Հայաստանում:

 Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին              

Տեսանյութեր

Լրահոս