Բաժիններ՝

«Կա որոշակի պատրաստակամություն քաղաքապետարանի կողմից՝ մեր առաջարկները լսելու». Դավիթ Խաժակյան

«Ես համարում եմ, որ սա արդյունավետ համագործակցության մի փոքր դրվագ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոսելով ավտոկայանատեղիների՝ SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը կանխելու մասին:

Հիշեցնենք, որ Դ. Խաժակյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների՝ SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 1-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղիի վճարը նախկին 100 դրամի փոխարեն՝ կկազմեր 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը՝ օպերատորի միջնորդավճարը, և 24.2 դրամը՝ ԱԱՀ:

Այսօր Beeline-ը հայտնել է, որ ավարտվել են բանակցությունները քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կարճ հաղորդագրությունների միջոցով կայանատեղիի վճարի չափի փոփոխության շուրջ։  Բաժանորդների համար հնարավոր թանկացումից խուսափելու նպատակով ընկերության կողմից ընդունվել է վճարման նոր կարգ։ Ըստ այդմ՝ օգոստոսի 1-ից սահմանվելու է մեկ հաղորդագրություն ուղարկելու համար նվազագույն հնարավոր վճար՝ 2 դրամի չափով։

Կարդացեք նաև

«Երբ պարզ դարձավ, որ բնակիչների համար պետք է լինի թանկացում SMS ծառայության համար, մենք դիմեցինք քաղաքապետին՝ նշելով երկու թիրախային կետեր. առաջինը՝ ԱԱՀ-ի վերացումն էր, քանի որ օրենքով ԱԱՀ-ով հարկում նախատեսված չէ պետտուրքի համար, երկրորդը՝ միջնորդավճարի շատ մեծ չափն էր, որը, մենք ասում էինք, որ պետք է նվազեցվի:

Արդյունքում՝ քաղաքապետարանը բանակցություններ սկսեց բջջային օպերատորների հետ, և այստեղ կարևոր է նաև բջջային օպերատորների պատրաստակամությունը, որի արդյունքում հնարավորություն գտնվեց Ավելացված արժեքի հարկը դուրս հանելու այս վճարումներից, որովհետև այն ի սկզբանե էլ չպետք է լիներ, որովհետև սա պետտուրք է: Միջնորդավճարն էլ այս դեպքում դուրս եկավ, վճարը կատարելու տրամաբանությունը փոխվեց, և այլևս բջջային օպերատորների կողմից սա ոչ թե ֆինանսական ծառայություն է, այլ SMS-ի միջոցով պետտուրքի վճարում, և մնացել է միայն 2 դրամ արժեքը, որը հանդիսանում է SMS-ի դիմաց վճարի արժեքը: Այսինքն՝ այս ընթացքում գտնվեց մի լուծում, որն իրապես համապատասխանում էր մեր պատկերացումներին, և որը, բնականաբար, շահեկան էր նաև Երևանի քաղաքացիների համար»,- մեզ հետ զրույցում ասաց Դ. Խաժակյանը:

Մեր այն հարցին, թե, փաստորեն, ի վերջո, քաղաքապետարանը հաշվի նստեց Ձեր առաջարկների հետ, Դուք սա հաղթանա՞կ եք համարում՝ Դ. Խաժակյանը պատասխանեց, որ համարում է, որ սա արդյունավետ համագործակցության մի փոքր դրվագ է:

Նրա խոսքով՝ այդ օրերին իրենք իրապես քննարկումների մեջ են եղել պատասխանատու անձանց հետ, անձամբ փոխքաղաքապետ պարոն Նիկոյանի հետ.

«Պատկերացրել ենք խնդրի էությունը և հասկացել ենք, որ, ըստ էության, թանկացում քաղաքապետի, քաղաքապետարանի կողմից իրականացված չկա, որևէ բան չի թանկացել, պարզապես այն ժամանակ փոխհատուցվում էր, հիմա՝ ոչ: Այդ քննարկումների արդյունքում՝ գտել ենք համատեղ լուծումներ, և այդ լուծումները, ըստ էության, կյանքի են կոչվել:

Մենք այս դեպքում ասում ենք, որ ցանկացած թանկացում, որը կարող է վատթարացնող դառնալ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների տեսանկյունից,  նույնիսկ, եթե խնդիրը քաղաքապետարանին անմիջականորեն չի վերաբերում,  ինքը պետք է մտնի այդ խնդրի մեջ և ամեն ինչ անի, որ քաղաքացու շահերը պաշտպանված լինեն, նույնիսկ, եթե դա վերաբերում է քաղաքացու և մասնավորի փոխհարաբերություններին: Մենք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, այդ փոխզսպող և հակակշռող դերն ենք կատարում քաղաքային իշխանությունների համար, պարզապես մենք որդեգրել ենք մի կարևոր սկզբունք, մենք խնդրի մասին խոսում ենք խնդրին ծանոթանալուց հետո և խնդրին լուծում առաջարկում ենք այն մասով, ինչը մենք ինքներս կիրականացնեինք, եթե լինեինք որոշում կայացնողը:

Մենք չենք ասում՝ դա ձեր խնդիրն է, գնացեք, ինչպես ուզում եք՝ լուծեք, բայց մի թանկացրեք: Մենք համարում ենք, որ լուծումները պետք է լինեն արդյունավետ, և այդ արդյունավետ լուծումների համար պայքարում ենք: Կա որոշակի պատրաստակամություն քաղաքապետարանի կողմից՝ մեր առաջարկները լսելու, և դա դրական է, դրանից շահում է միայն համայնքը: Մենք շարունակելու ենք նման խնդիրները բարձրաձայնել և փորձել համատեղ լուծումներ գտնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս