ՀՅԴ-ի միջամտությամբ «Այրվածքաբանական կենտրոնը» կհանվի մասնավորեցման ենթակա հաստատությունների ցանկից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետգույքի մասնավորեցման կառավարու­թյան 2017-2020թթ. ծրագիրը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանում ընդգրկված էին նաև առողջապահական հաստատություն­ներ, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են: Դրանց ղեկավարներից մի քանիսը հրապարակավ քննադատեցին ծրագիրը:

Առողջապահու­թյան նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը ՀՅԴ անդամ է, ժամա­նակին ՀՅԴ քվոտայով առողջապահության նախարարն էր և հրաժարական է տվել, երբ ՀՅԴ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին: ԱԺ ընտրություններին էլ առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից, թիվ 2 ընտրատարածքում, և ստացել 440 ձայն: ՀՅԴ-ի միջամտությամբ այրվածքաբանական կենտրոնը կհանվի այդ ցանկից, սակայն թե ինչ կարգավիճակ կունենա, դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ Դավիդյանն անողոք քննադատել էր կենտրոնը մասնա­վորեցնելու ծրագիրը՝ նշելով, որ այն երկրի համար ռազմավարական և սոցիալա­կան նշանակություն ունի, Հայաստանում նման ուղղվածության միակ կենտրոնն է, չի կարելի այն վաճառել, որ անկապ մեկը չդառնա նման կենտրոնի սեփականատեր. «Սա գիտական կենտրոն է, 5 պրոֆեսոր է աշխատում, գիտությունների 8 թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա՛վ, մի անգամ կարելի էր գալ, մի հատ կարելի էր բացատրել՝ ինչ եք անում: Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարու­թյան շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ո՞նց են առանց ուսումնա­սիրելու այդպիսի բան անում: Հիմա կարե­լի է այստեղ նաև խորովածանոց սարքել, երևի մի քիչ ավելի լավ կլինի»,- ասել է Դավիդյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս