Բաժիններ՝

«Երբ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ». Անահիտ Բախշյան

«Տվյալ իրավիճակում Ռուսաստանին մեղադրելը քաղաքական միամտության արգասիք կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ խոսելով ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկի մասին:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրեն ռուսերեն լեզվին:

Ն. Դիլբարյանի խոսքով՝ Ռուսաստանն իր ազգային շահերն է իրականացնում, բայց մենք ի՞նչ ենք պատասխանում նրան. «Մենք ինչ-որ անհամարձակ պատասխաններ ենք տալիս: Պետք է հասարակական հզոր հակազդեցություն ցույց տանք: Մենք պետք է բացարձակ «ոչ» ասենք դրան: Ռուսաստանը զավթողական քաղաքականություն է վարում: ՀՀ պետական լեզուն միայն հայերենը կարող է լինել: Անընդհատ փորձագնդակներ են գցում մեր հասարակական դաշտ՝ սպասելով, թե ով կվերցնի դա: Նրանք պարզապես փորձում են մեզ: Զիջում լինել այս հարցում չի կարող»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ միանշանակ այստեղ մեր քաղաքականության տկարությունն է ի հայտ գալիս. «Ամեն անգամ, երբ այս հարցը բարձրանում է, մտածում ես՝ ինչքան կարևոր է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները համոզմունքով կիսեն այն մտահոգությունները, որ այստեղ հնչում են: Գուցե մեզ հետ զրույցներում կիսեն, բայց երբ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ: «Օրակարգում չկա»՝ նման նախադասություն ասել, նշանակում է՝ մի օր էլ կլինի: Բայց նման բան երբեք չի լինի: Այստեղ երկու կարծիք չկա, մայրենի լեզվին տիրապետելը նշանակում է՝ տեր լինել պետությանը, ամեն ինչին»:

Ն. Դիլբարյանը նաև նշեց, որ այսօր գրեթե 30 թափուր տեղ կա բանասիրական ֆակուլտետում, ինչը, ըստ նրա, ինչ-որ առումով վերաբերմունք է մայրենի լեզվի նկատմամբ. «Սա առաջին տարին է, որ նման ցածր թիվ կա: Դա մեր մտքերից, գաղափարներից է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս