«Փորձառու մարդիկ անհրաժեշտ էին անցումային խնդիրները կարգավորելու համար». Լևոն Մկրտչյանը՝ ՀՅԴ մարզպետների փոփոխության մասին
«Մարզպետներն անցել են այլ աշխատանքի։ Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք, կամ չպահենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով դաշնակցական մարզպետների փոփոխությունը։
Ըստ նրա՝ 1 տարվա աշխատանքի արդյունավետությունը ճիշտ չի լինի գնահատել, իսկ դժգոհություններ մարզպետներից չի եղել. «Աստեղ ուրիշ խնդիր կար, որ 1 տարվա ընթացքում դրված էր արագ վերցնելու հարց, որովհետև մենք մտանք կոալիցիա, և փորձառու մարդիկ անհրաժեշտ էին անցումային խնդիրները կարգավորելու համար։ Հիմա ավելի երիտասարդ կադր կա։ Մյուս մարզպետներն էլ մնալու են, աշխատելու են, մեր կուսակցության անդամ են, իրենք էլ պարզաբանել են այդ խնդիրները»։
Անդրադառնալով կուլիսներում շրջանառվող խոսակցություններին, որ հաջորդ տարի նաև «Ծառուկյան» դաշինքն է մտնելու իշխանական կոալիցիա, Լ. Մկրտչյանը նշեց, որ 20 տարուց ավելի քաղաքականության մեջ է և չի կարող մեկնաբանել մի բան, երբ այն որևէ հիմք չունի. «Կգա 2018 թվականը, կտեսնենք։ Նոր իրավիճակ կլինի քաղաքականությունում»։