«Շարժում-88»-ը Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը. «Վերածնունդ»-ը դեռևս չի կողմնորոշվել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցությունն Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։ «Խմբակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը, և առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն արդեն հանձնել ենք»,- ասել է Էդուարդ Աղաբեկյանը։
«Վերածնունդ» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել: Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը դեռևս առաջադրումներից առաջ նիստ էր արել և որոշել, որ դեմ է քվեարկելու Բակո Սահակյանի թեկնածությանը։
Այն հարցին, թե աջակցելու է արդյոք նախագահի պաշտոնում առաջադրված «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությանը, Հայկ Խանումյանը պատասխանել է. «Մենք դեռևս կուսակցության գործադիր մարմնի նիստ չենք արել: Առաջիկայում նիստ կանենք և մինչև ընտրությունները մեր տեսակետը հստակ կլինի»:
ԱՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցություններն առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:
Արցախի Հանրապետության ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խմբակցությունների կողմից նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:
Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին: