Հայաստանում Արգենտինայի դեսպանը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մեծ ներուժ է տեսնում
Հուլիսի 9-ը Արգենտինայի Հանրապետության անկախության օրն է. 2017 թվականին նշվում է անկախության 201-ամյակը։ Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնսալո Ուրիոլաբեիտիան լրագրողների հետ զրույցում Հայաստան- Արգենտինա հարաբերությունների վերաբերյալ ասաց, որ տեսնում է զարգացման մեծ ներուժ։
«Երկու կառավարությունների միջև օրակարգը գնալով ավելի ու ավելի է կոնսոլիդացվում ու հարմարվում մեկը մյուսին։ Դրանք արտացոլվում են նաև բարձրաստիճան այցերի ժամանակ, ինչպիսիք են երկու նախագահների, արտաքին գործերի նախարարների այցերը, ինչպես նաև պետական պաշտոնյաների այլ այցեր»,- նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ պետք է պահել քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակը, որ առկա է ներկայումս և ընդգծեց, որ առևտրի և տնտեսական ոլորտում ևս կա զարգացման մեծ ներուժ:
«Արդեն 35 տարի է, ինչ Արգենտինայում ժողովրդավարական կարգեր են։ Հիշելով մեր հաջողությունները՝ մենք չենք մոռանում ապագա մարտահրավերների մասին, գիտակցում, որ մեր երկիրը պարտավոր է շատ մարդկանց։ Այսօր յուրահատուկ ենք նշում մեր երկրի անկախության 201-ամյակը, քանի որ այս տարի նշում ենք նաև Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»,- ասաց Արգենտինայի դեսպանը։ Նա ընդգծեց, որ երկու երկրներն էլ այս տարիների ընթացքում հաստատել են բարեկամական սերտ կապեր։