«Ժամանակի միջով» կինոնկարում ներկայացված են մի ընտանիքի կանանց կենսապատումը
Ինտերակտիվ գործունեություն ծավալող տեսողական արվեստների մասնագետ Բեգո Մ. Սանտյագոյի կարճամետրաժ «Ժամանակի միջով» կինոնկարում ներկայացված է նրա ընտանիքի ավելի քան հարյուր տարվա պատմությունը: Ժապավենն այս տարի ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Միջազգային վավերագրական մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:
«Պատմության վերնագիրն իրականում ավելի բարդ է ու ընդգրկուն, քան երևում է: Եթե փորձենք թարգմանել, կստացվի «ժամանակի ու տարածության միջով»: Կինոնկարը ստեղծել եմ մեկ ամսվա ընթացքում, և այն մի մեծ նախագծի մաս է կազմում: Ֆիլմի նպատակը կանանց խնդիրները բարձրաձայնելն է: Կարող եմ ասել, որ ինչ-որ չափով այն ֆեմինիստական ժապավեն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բեգո Մ. Սանտյագոն:
Նա շեշտեց, որ իր ընտանիքի պատմությունն է ներկայացրել ֆիլմում և արել է ամեն բան, որպեսզի կինոնկարը հասկանալի լինի ոչ միայն իր երկրում, այլև ողջ աշխարհում:
«Աշխատել եմ լույսի հետ, օգտագործել եմ տարբեր լուսանկարներ, և ֆիլմը բավականին թվային է ստացվել»,-եզրափակեց նա:
Ազգակից կանանց հինգ սերնդի լուսանկարների հիման վրա Բեգո Մ. Սանտյագոն ներկայացնում է իր ընտանիքի ավելի քան հարյուր տարվա պատմությունը: Սա այդ կանանցից յուրաքանչյուրի կենսապատումն է: Ընտանեկան ալբոմը, որն ընդգրկում է ոչ միայն անձնական պատմություններ, այլև վերջին հարյուր տարվա բնակության վայրի փոփոխությունները, լուսանկարչական պատկերներից վերածվում է կինոնկարի:
«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։
«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը: