Պաշտոնական Անկարան մեկնաբանել է թուրք նախարարի այցն Ավստրիա արգելելու մասին լուրերը
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել տեղական և ավստրիական մամուլում տեղ գտած այն տեղեկության առնչությամբ, թե Ավստրիայի ղեկավարությունը նախարար Նիհաթ Զեյբեքչիին արգելել է այցելել երկիր: Նախարարությունից հայտնել են, թե այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մասնավորապես նշվում է, թե նախարարությունը կամ Զեյբեքչին չեն դիմել Ավստրիայի իշխանություններին Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկ ամյակի կապակցությամբ միջոցառում կազմակերպելու պահանջով:
Ավելի վաղ ավստրիական ԶԼՄ-ները գրել էին, որ երկրի իշխանություններն արգելել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին այցելել երկիր՝ մասնակցելու Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի արարողություններին: Ըստ տեղեկատվության՝ Ավստրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսված միջոցառմանը նախարարի մասնակցությունը կարող է վտանգել հասարակական կարգն ու անվտանգությունը: «Կարող եմ հաստատել, որ արտգործնախարար Սեբաստիան Կուրցը թույլ չի տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի այցը երկիր»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: