Բաժիններ՝

«Որոշ իմաստով հաջողվեց անվստահության մթնոլորտ ստեղծել». Հրայր Թովմասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ատգամավոր Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր չէ և իրավունք էլ չունի՝ կոնկերտ գործերի վերաբերյալ բացատրություններ տալ:

«Գլխավոր դատախազը, լինելով անկախ կառույցի ղեկավար, իր գործունեության ընթացքում բախվում է խնդիրների, իր աշխատանքի ընթացքում տեսնում է հիմնահարցեր, որոնք դուրս են իր իրավասության շրջանակից: Այդ խնդիրները նա չի կարող լուծել և ներկայացնելով այդ հաղորդումը՝ ակնկալում է օրենսդրական և քաղաքական լուծումներ»,-անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդմանը:

Պատգամավորը նկատեց՝ թեպետ օրենսդրորեն հաղորդմանը որևէ պահանջ չի ներկայացնում, բայց խնդրեց դատախազին, որ հետագա հաղորդումներում լինի առաջարկությունների փաթեթ օրենսդրին, թե ինչ անել, որ այդ խնդիրները լուծվեն:

«Եթե փորձեմ նայել հարց ու պատասխաններին, ապա տպավորություն էր ստեղծվում, որ փորձ էր արվում դատախազի գործունեության մեջ ինչ-որ թերություններ գտնել: Եթե մենք խոսում ենք դատախազության անկախությունից, աա պետք է հստակ հասկանանք, որ դատախազն անկախ է նաև պատգամավորներից: Դատախազը պարտավոր չէ և նույնիսկ իրավունք էլ չունի կոնկրետ գործի շրջանակներում բացատրություններ տալ, թե ինչպես է վարվել, որովհետև դա իր գործն է: Դրա գնահատականը կարող է տալ բացառապես դատարանը: Դատախազի հաղորդման ժամանակ կոնկրետ գործի վերաբերյալ հարցեր չպետք է տրվեն, որովհետև երբ կոնկրետ գործով տրվում են հարցեր, ապա գլխավոր դատախազին այլ բան չի մնում, քան նախաքննության գաղտնիության շրջանակներում փորձել դրանց պատասխանել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե փորձ էր արվում անվստահության մթնոլորտ ստեղծել, ապա, ըստ Թովմասյանի՝ ոչ պրոֆեսիոնալ ունկնդրի համար միգուցե դա հնարավոր եղավ ստեղծել:

«Բայց արդյո՞ք դա էր մեր խնդիրը: Եթե դա էր մեր խնդիրը, ապա որոշ իմաստով դրան մենք հասանք»,-նկատեց նա:

Ելույթի վերջում նա ասաց, որ թե՛ դատավորների, թե՛ դատախազների համար ժամանակն է, որ պարտադիր լինի լեզուներին տիրաետելու պահանջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս