«Լա Բոհեմ» բալետն արտացոլում է Ազնավուրի արվեստի համամարդկային բնույթը
Մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա կլինի հենց ինքը՝ աշխարհահռչակ շանսոնյեն:
«Լա Բոհեմ» բալետային ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Այնուամենայնիվ, բալետը չի հավակնում ներկայացնելու Ազնավուրի կենսագրությունը, այլ նրա կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանությունն է:
Մեկ գործողությամբ ներկայացման պրեմիերան տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության, «Բալետ 2021» հիմնադրամի և լեգենդար ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակների աջակցությամբ:
«Լա Բոհեմ»-ը ժամանակակից բալետի լեզվով բացահայտում է լեգենդար շանսոնյեի բնույթը՝ մի անձի, որը կյանքի և սիրո ճանապարհին առնչվում է բազմաթիվ խոչընդոտների, սակայն հաղթահարում է դրանք՝ իրագործելով իր երազանքը։ Նա աստղ է դառնում: Ավելի ուշ փորձառու և իմաստուն մարդու հայացքով գնահատում է այն աշխարհը, որը հարստացվել է նաև իրենով: Նա կենդանի լեգենդ է. հավերժության մեջ իրար է հյուսում անցյալն ու ապագան:
Բեմադրող խորեոգրաֆը և սցենարի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը, լուսային ձևավորման նկարիչն է Էդգար Մուրադյանը: Ներկայացման համար օգտագործվել են Ազնավուրի այնպիսի հանրաճանաչ երգեր, ինչպիսիք են «Je m’voyais déjà», «Les comédiens», «For me formidable», «Pour faire une jam», «Je t’attends» և, իհարկե, «La bohème»:
« «Լա Բոհեմ» բալետի ստեղծման ոգեշնչման աղբյուր է ծառայել հենց ինքը՝ Ազնավուրը, նրա կյանքը, երաժշտական հարուստ ժառանգությունը և ստեղծագործական անսանձ ոգին: Պարը միջոց է բացահայտելու Շառլ Ազնավուրի արվեստի հավերժական և համամարդկային բնութը», – նշում է Ռուդոլֆ Խառատյանը:
«Ես վստահ եմ, որ «Լա Բոհեմ» բալետը կդառնա Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկի հիանալի համալրումը, ինչպես նաև կլինի մի նոր, կենսուրախ ու հմայիչ դրսևորում պարի աշխարհում», – նշում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Գլխավոր դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը, Տաթևիկ Գրիգորյանը և Կարինա Շիկանյանը:
«Լա Բոհեմ» ներկայացման պրեմիերան ընդգրկված է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում: