Բաժիններ՝

«Նոր Հայաստանը Մանչեսթերի կենտրոնում է՝ իմ շուրջ». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում հոլանդական «Այաքս»-ի դեմ խաղում հաղթանակը ոչ միայն մեդալ կբերի իրեն, այլև հնարավորություն կտա մյուսներին «պարզելու, թե ինչ է Հայաստանը և որտեղ է այն գտնվում»: Այս մասին գրում է հեղինակավոր New York T imes պարբերականը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է» խորագրով հոդվածում:

«Ուր էլ հայերը գնան, նրանք իրենց շուրջ ստեղծում են նոր Հայաստան»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդական ակադեմիայում Մխիթարյանի ասած խոսքերն է մեջ բերում լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ նույնն էլ արել է ֆուտբոլիստը Մանչեսթերում: Մխիթարյանը պատմել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը:

New York Times-ը գրում է, որ Մխիթարյանը դարձել է քաղաքում գործող հայկական պանդոկի մշտական հաճախորդներից: Թեպետ պանդոկը գործում է 1968 թվականից, սակայն միայն նրանից հետո, ինչ Մխիթարյանը սկսել է շաբաթական մեկ անգամ այցելել այն, պանդոկը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: «Մանչեսթերում նոր Հայաստանը քաղաքի կենտրոնում է: Ինձ շատ մոտ»,- մեջբերում է Մխիթարյանի խոսքերը լրատվամիջոցը:

New York Times-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը վերջին անգամ այցելել է կինոթատրոն՝ դիտելու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Դա մի թեմա, որը շատ մոտ է նրա սրտին, թեմա, որը սովորել է դպրոցում և որը «կենտրոնական» է բոլոր հայերի ինքնության մեջ: Մխիթարյանը չի քննարկել ֆիլմն իր թիմակիցների հետ՝ մտածելով, որ գուցե նրանք հետաքրքրված չլինեն դրանով, սակայն այն խորապես ազդել է նրա վրա: «Դիտելով ֆիլմը, ես մի կողմից տխուր էի, սակայն մյուս կողմից էլ հպարտ»,- նշել է Մխիթարյանը:

Կարդացեք նաև

«Նա հպարտ է, որ անգամ եթե ամենահայտնի հայը չէ՝ պատիվ, որն ինքն էլ ընդունում է՝ բաժին է ընկել Քիմ Քարդաշյանին, սակայն առնվազն համաշխարհային բեմում իր հայրենիքի դրոշակակիրն է»,- գրում է New York Times-ը:

Լրատվամիջոցն անդրադառնում է նաև նրա մասնագիտական որակներին՝ պատմելով, թե ինչպես իր կարիերայի սկզբում Մխիթարյանը մշտապես խաղերից երեք օր առաջ անջատում էր հեռախոսը, որպեսզի կենտրոնանա խաղի վրա: «Հետ նայելով՝ 28-ամյա խաղացողն այժմ ընդունում է, որ նման ինտենսիվությունն անառողջ էր. նա հաճախ խաղերից հետո օրեր շարունակ լինում էր տխուր՝ մտածելով թույլ տված ամեն սխալի մասին, մեղադրելով իրեն կրած ամեն պարտության համար: Այժմ նա ավելի լավ է, համոզվել է, որ այդ ամենն անարդյունավետ էր, քանի որ իր «մկաններն ամեն պահի լարված էին»: Սակայն անգամ հիմա նրա համար դժվար է այդ ամենին թեթև նայելը, այս հարցում նա մեծ ջանքեր է գործադրում»,- հայտնում է New York Times-ը:

Լրատվամիջոցը գրում է, որ նա ակտիվորեն փորձում է հնարավորինս միտքը շեղել ֆուտբոլից: Նա պարբերաբար ընթրում է իր թիմակիցների՝ Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի հետ, հաճախում է կինոթատրոն այնքան հաճախ, որքան թույլ է տալիս ժամանակը: Նա փորձում է ցրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա լավ կենտրոնանալ: Սակայն նա միայն մեկ բացառություն է անում. անկախ նրանից, թե որքան հոգնած կլինի այդ շաբաթ, 34 միլիոնանոց սուպերաստղը մշտապես ժամեր է անցկացնում YouTube-ի մոտ՝ դիտելով Հայաստանի ֆուտբոլային ակումբների խաղերը:

«Նա դա չի անում հաճույքի համար. Հայաստանի բարձրագույն լիգայում կան ընդամենը վեց թիմեր, որոնց խաղերը, նա ընդունում է, որ կրկնվող են: Նա մասամբ դա անում է՝ ի նշան հավատարմության «Փյունիկ»-ի՝ այն թիմին, որտեղ առաջին անգամ կերտել է իր անունը, ինչպես նաև իր ընկերների, ովքեր շարունակում են խաղալ: Սակայն գլխավորապես նա դա անում է, քանի որ անկախ նրանից, թե որտեղ է նա կամ ով է դարձել, Մխիթարյանի մի մասը մշտապես Հայաստանում է՝ տանը»,- գրում է հեղինակավոր լրատվամիջոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս