Կարեն Կարապետյանն ընդունել է Mangold Consulting GmbH ընկերության պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, ներդրումային դաշտի, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և նախատեսվող հետագա քայլերին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ չափազանց շահագրգռված է Հայաստանում գերմանական կապիտալի ընդլայնմամբ և կառավարման մշակույթի ներգրավմամբ՝ հավելելով, որ Հայաստանն արտաքին ներդրողների համար կարող է լինել նաև ԵԱՏՄ և իրանական շուկաներ դուրս գալու լավ հարթակ:
Կլաուս Մանգոլդը նշել է, որ իր գլխավորած խորհրդատվական ընկերությունը պատրաստ է գերմանացի գործընկերներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և խթանել բիզնես ծրագրերի իրականացմանը: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Mangold Consulting GmbH ընկերության միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քննարկումները նշված ուղղություններով: