Բաժիններ՝

Անհեթեթություն է, որը հրապարակվել է փողի դիմաց. Ռուբեն Թաթուլյանը՝ իրեն ձերբակալելու լուրերի մասին. Tert.am

Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանը ազատության մեջ է: Ավելին՝ Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Թաթուլյանն ասաց, որ տարածված տեղեկությունները, թե իրեն ձերբակալել են «օրենքով գողերի» թագադրման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում, դրանք ստահոդ են:

«Իմ փաստաբանն արդեն այցելել է ոստիկանություն և կա ոստիկանապետի ստորագրությամբ փաստաթուղթ, որ պարոն Թաթուլյանը չի ներգրավվել, չի ձերբակալվել և, որ իրավապահ մարմինները որևէ առարկություն նրա նկատմամբ չունեն»,- ասաց նա՝ նշելով, որ այս լուրերը «պատվիրել է կոմերցիոն կայք», որի հիման վրա էլ ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Հերթապահ մաս»-ն է հետագայում հաղորդում է պատրաստել:

««Primecrime.ru» կայքը, հավանաբար, փողի դիմաց կամ գուցե դա ինչ-որ մեկին հարկավոր էր, գրեց սա, որը անհեթեթություն է: Կան բոլոր փաստաթղթերը, որ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ռուբեն Թաթուլյանը:

Գործարարի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն հրապարակումները, որ ինքն իբրև թե Սոչի քաղաքի օդանավակայանում դիվանագիտական համարներով իր ավտոմեքենայով կոտրել է արգելափակոցը (շլագբաում) և որ իրեն Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հետ ձերբակալել են: Այս լուրերի առնչությամբ էլ, նրա փոխանցմամբ, կան դատական որոշումներ այն մասին, որ ինքը ներգրավված չի եղել, որ իրեն չեն ձերբակալել:

«Չեն եղել նման միջադեպեր, չի եղել որևէ կոտրված արգելափակոց (շլագբաում)… Հետևաբար՝ սա ապատեղեկատվություն է, որը, պարզ է, պետք է կոմերցիոն կառուցվածքներին: Նրանք նման անհեթեթություններ են պատվիրում փողի դիմաց ու հրապարակում կայքերում, որոնք չեն գտնվում Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի տարածքում: Դրանք կայքեր են, որոնք Եվրոպայում են գտնվում կամ այլ տեղ ու, ցավոք, դատարանի որոշմամբ հնարավոր չէ արգելափակել դրանք»,- շեշտեց Ռուբեն Թաթուլյանը:

Հարցին՝ ովքե՞ր են փորձում այպիսով «վնասել» իրեն, նա պատասխանեց. «Ես նա եմ, ով կամ: Ես ունեմ մեծ ընկերություններ, հազարավոր աշխատակիցներ, աշխատատեղ եմ ապահովում, օգնում եմ շատ մարդկանց և հասել եմ այս ամենին առանց որևէ մեկի օգնության, ինքս եմ արել: Գիտեք, որ ես ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի օգնականն եմ, Սոչիում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն եմ, ու, հավանաբար, կա նախանձ, գուցե իմ ազգանվան վերջավորությունն է, գուցե այն, որ ես իմ խոսքի տերն եմ, չգիտեմ: Ստացվում է, որ մենք փնտրում ենք ասեղ՝ խոտի դեզի մեջ: Կրկնում եմ, իմ կարծիքով, սա ֆինանսավորում են չկամեցողները: Ցավոք, այս ապատեղեկատվությունը տարածվում է լրագրողների կողմից, ովքեր աշխատում են փողի դիմաց»:

Թաթուլյանն ասաց, որ ինքը չի պայքարում «ստահակների դեմ», ովքեր զբաղվում են անհեթեթությունների տարածմամբ, որովհետև իր համար հասկանալի է, որ դա պատվիրված է. «Իրականությունն այլ է, քան այն, ինչ գրում են»,- հավելեց նա: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս