Բաժիններ՝

Պետությունը հաշվարկել է՝ որքան արժե մեկ անձի ստացիոնար, հիվանդանոցային բուժօգնության գինը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն այսօր ներկայացրեց ոլորտի ֆինանսավորմանն առնչվող ծրագրերը։

Նա նշեց, որ 2017թ. համար Հայաստանի առողջապահության բյուջեն կազմում է 85 մլրդ դրամ։ Համաշխարհային բանկի գնահատականով՝ այսօր Հայաստանում պետությունն ու բնակչությունը միասին մոտ 250 մլրդ դրամ են ծախսում առողջապահության վրա։

Ըստ նրա՝ երկրներում, որոնք ֆինանսավորման տեսանկյունից քիչ թե շատ բավարար կայացած առողջապահական համակարգ ունեն, այդ գումարի նվազագույնը 75-80 տոկոսը բաշխվում է մեկ աղբյուրից. դա կամ պետական բյուջեն է, կամ ապահովագրական ֆոնդեր։

«Երբ գումարը ծախսվում է մի աղբյուրից, ֆինանսավորման միջոցով հնարավոր է լինում կառուցվածքային ցանկալի արդյունքի հասնել առողջապահության ոլորտում։ Այսինքն՝ դու կարողանում ես գումարն ուղղել այն ռեգիոն, այն հիվանդության ուղղությամբ, որը գերակա ես համարում տվյալ երկրի համար, օրինակ՝ Հայաստանում օնկոլոգիան, և այլն։ Մինչև չենք հասել այս էտապին, որպես կարճաժամկետ նպատակ՝ մեր առաջ դրել ենք նախ՝ մեր եղած միջոցների օպտիմալ ծախսը»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ գույքագրել են բոլոր բյուջետային ծախսերը, զրոյից իմաստավորել յուրաքաչյուր ծախս՝ թե ծախսման մեխանիզմի, թե նպատակի տեսանկյունից։

Կարդացեք նաև

Սամվել Մարգարյանն ասաց, որ այժմ բուժհիմնարկը պետությունից ստանում է այնքան գումար, որքան ստացել էր նախորդ տարի, եթե ոչինչ չի փոխվել։ Այս դեպքում բացակայում են մոտիվացման, շուկայական խթանման մեխանիզմները։ Փոխնախարարի խոսքով՝ առաջնային նպատակ են դրել, որ գումարը մարդու ետևից գնա այնտեղ, որտեղ նա ցանկանում է բուժվել։

«Արդեն իսկ կառավարության քննարկմանն է ներկայացվել մի նախագիծ, որով 100 հազար պետական ծառայողներ և բյուջետային հիմնարկների աշխատակիցներ մտնում են այդ մոդելի ներքո։ Ինչպե՞ս է աշխատում այդ մոդելը։ Պետությունը հաշվարկել է՝ որքան արժե մեկ անձի ստացիոնար, հիվանդանոցային բուժօգնության գինը։ Կարող եմ արդեն բարձրաձայնել. դա մոտավորապես 38.5 հազար դրամի շրջանակներում է։ Այդ հաշվարկով ներդրվում է միջնորդ օղակ՝ ապահովագրական ընկերությունը, որին փոխանցվում է այդ մարդու բուժումը կազմակերպելու գործառույթը։ Այսինքն՝ երբ մարդը ստացիոնար բուժօգնության խնդիր ունի, պայմանական՝ կույր աղիի վիրահատություն, գնաց հիվանդանոց, ապահովագրական ընկերության խնդիրն է՝ պատշաճ ժամանակին վճարումներ կատարել այդ մարդու համար այն ֆոնդով, որը պետությունն իրեն հատկացրել է»,-  ասաց Սամվել Մարգարյանը։

Նա նշեց, որ հետագայում այս համակարգ մուտք կգործի մոտ 612 հազար սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձ. «Նախատեսվում է նախագիծը կառավարություն ներկայացնել այս տարի, բայց ծրագրի սկիզբը նախատեսվում է բյուջետային 2018թ.»։

Անդրադառնալով ադմինիստրատիվ ծախսերին՝ Սամվել Մարգարյանն ասաց, որ այստեղ աշխատանքն անընդհատ է, զգոնությունը պետք չէ կորցնել, ծախսերը վերադառնալու հատկություն ունեն։ Փոխնախարարը խոսեց նաև էլեկտրոնային առողջապահության ներդրման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս