Բաժիններ՝

««Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիրի բյուջեն դեռ հաստատված չէ, բայց խոսքը մեծ գումարների մասին է»

«Կառուցենք ազգովի» հիմնադրամի կողմից տարածած տեղեկատվությունը, թե Հայաստանում Արարատին դիմահայաց բարձունքի վրա նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր, թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս բուռն քննարկումների և տարբեր կարծիքների առիթ դարձավ:

Տարածված տեղեկության մեջ ասվում էր՝ տապանը կառուցելու նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Տապանն ունենալու է այն տեսքն ու այն չափսերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում:

Տապանում կկառուցվեն 200 տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժևորող տարբեր ցուցանմուշներ: Համալիրը կունենա նաև գործառնական նշանակություն. իր 40 առանձնասենյակները կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Նրանում կլինեն թանգարան, պատկերասրահ, գրադարան:

Ինչպես նշված էր «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիրի ֆեյսբուքյան էջում՝ պատմամշակութային համալիրի կառուցման իմաստն է՝ համայն աշխարհին ցույց տալ, որ Համաշխարհային ջրհեղեղից հետո Հայոց աշխարհի սրտից` Արարատ լեռից է սկսվել մարդկության երկրորդ վերածնունդը:

168.am-ը զրուցեց հիմնադրամի գործավար Շուշաննա Բունիաթյանի հետ: Նա տեղեկացրեց, որ համալիրի կառուցման գաղափարն առաջացել  է դեռևս 2011 թվականին, մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ  քննարկվել է Հանրային խորհրդում, և գաղափարն արժանացել է հավանության:

Մեր հարցին, թե ե՞րբ է ծրագիրը ներկայացվելու ՀՀ կառավարություն, հիմնադրամի գործավար Շուշաննա Բունիաթյանը պատասխանեց. «Ծրագիրն ընթացքի մեջ է: Կառավարություն ներկայացվելու համար կոնկրետ ժամանակահատված չկա»:
Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման համար պահանջվող բյուջեին, ապա նա ասաց.

«Բյուջեի մասին խոսելը վաղ է, դեռ հայտնի չէ: Տապանը շատ եվրոպական երկրներում է կառուցվել, և մեծ գումարների մասին է խոսքը: Օրինակ, երբ Հոլանդիայում է կառուցվել, ծախսվել է 100 մլն դոլար, բայց այստեղ դեռ հստակ հաշվարկ չկա»:

Հարցին, թե ավելի լավ չէ՞ այդ գումարներն ավելի կարևոր և մեծ նշանակության ծրագրերի համար օգտագործել, հիմնադրամի գործավարը պատասխանեց. «Սա բազմամշակութային կառույց է լինելու և մեր պետության համար դառնալու է ազգային բրենդ: Կարծում եմ՝ այստեղ գումար ծախսելն արժե՝ մեր երկիրը և մշակույթը  ներկայացնելու համար: Ինձ թվում է՝ հիանալի գաղափար է, և ոչ մեկը գումար չի խնայի այս ազգանվեր գործն իրականացնելու համար»:

Նրա համոզմամբ` Հայաստանը հենց այն երկիրն է, որտեղ Տապանը պիտի առաջինը կառուցվեր, քանի որ Նոյը հենց Արարատի լանջին է իջել, և նրա աշխարհափրկիչ տունը Հայաստանն է:

«Տապաններ կառուցվել են Հոլանդիայում, Հոնկոնգում, Թուրքիայում, փոքր մասշտաբներով, իհարկե, ոչ Աստվածաշնչյան, ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում, վերջերս տեղեկացել ենք, որ նույնիսկ Մոսկվայում են ուզում կառուցել նմանատիպ կառույց: Ինչպես հասկացաք՝ արդեն շատ երկրներում դա գոյություն ունի»,- ասաց Շուշաննա Բունիաթյանը:

Այս թեմայի շուրջ մեծ քննարկում էր ծավալվել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում կատարած հետևյալ գրառման տակ. «Ոնց հասկացնես մարդկանց, որ սերվանդում պետք ա գրքեր լինեն, ոչ թե սերվիս, որ «Նոյյան Տապանի» տեղը պետք ա լավ համալսարան կառուցել ու դասախոսներին նորմալ փող տալ»:

Այս առնչությամբ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ին ասաց. «Մեգածրագրեր կարելի է թույլ տալ, երբ իրականացված են մինի ծրագրերը: Այսինքն՝ եթե դու ունենաս տուրիստների համար լավ ճանապարհներ, աշխատող տրանսպորտ, զուգարաններ, ա՛յ այդ ամենից հետո կարելի է «Նոյյան տապան» էլ սարքել, մի հատ էլ Քեոփսի բուրգ կողքին: Բայց եղած իրավիճակում կառուցել «Նոյյան տապան», այն էլ, ոնց հասկացա, կրկին ծառահատումներով, պետք չէ: Ընդ որում՝ չեմ կարծում, որ այն առավել հետաքրքիր ինչ-որ բան է լինելու: Այն, ինչ կարդացի, ահավոր անհետաքրքիր մի բան էր: Կարծում եմ՝ մեզ մոտ խնդիր կա ոչ թե ինչ-որ պատմական բաներ ֆիքսելու, այլ, օրինակ, թեկուզ պատմության ֆակուլտետը հզորացնելու, գումարներ հատկացնելու Համալսարանին, և այլն››:

Նախագծի մասին զրուցեցինք նաև Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

«Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ, երբ խոսք էր գնում «Զվարթնոցի» նախկին շենքի մասին, ես այդպիսի մի առաջարկ էի արել, որով կարծում էի՝ մենք կկատարեինք մեր պարտքը երկրաշարժի տարիների հետ կապված, որովհետև այդ օդանավակայանը ժամանակին ամբողջ աշխարհից ընդունում էր օգնություն, գալիս էին փրկարարներ, և այլն: Ես կարծում էի, որ կարելի էր այնպես անել, որ այն ունենար երկու ֆունկցիա: Մեկը մեր շնորհակալությունը լիներ բոլոր երկրներին՝ որոշակի ցուցադրություններով, մյուսը լիներ մանկական, գիտակրթական, խաղարկային կենտրոն, որովհետև այն նման է թռչող ափսեի»,- ասաց նա:

Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ եթե «Նոյյան տապանը» կառուցեն այնպես, որ այն բացի Հայաստանի դռները դեպի աշխարհ, ներկայացնի տարբեր մշակույթներ, վատ չի լինի, անգամ հետաքրքիր է:

Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ գումարների մասին խոսելիս` պարոն Բաբայանը մի անեկդոտ հիշեց. «Հարցնում են՝ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում հաշվարկով ամուսնությանը: Պատասխանում է՝ եթե հաշվարկը ճիշտ է արված, շատ լավ: Հիմա այդպես է: Արդյունավետությունը կախված է նրանից, թե հաշվարկը, մարքետինգն ինչքանո՞վ ճիշտ կարվեն, ինչքա՞ն ժամանակում կկարողանանք հետ բերել ծախսված գումարը, ինչքանո՞վ է դա բացում Հայաստանի երեսը դեպի աշխարհ, և՝ հակառակը»:

Նշենք նաև, որ «Նոյյան տապան» պատմամշակութային համալիրի կառուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել է 2017 թվականի մարտի 15-ին, որում ընդգրկված են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, լրագրող Սոնա Ադամյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, գրող, հրապարակախոս, ‹‹Անդին›› ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս