ԵՄ հանձնաժողովի խոսնակը Թուրքիային հորդորել է հարգել ժողովրդավարական չափորոշիչները
Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչն արձագանքել է Թուրքիայում
ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենի ձերբակալման փաստին՝ կոչ անելով հարգել ժողովրդավարական չափորոշիչները: Այս մասին հայտնում է «Ջումհուրիեթ»-ը:
Կոսիյանչիչը հայտնել է, որ իրենք ուշի ուշով հետևում են Թուրքիայի զարգացումներին, մասնավորապես Անկարայում ԵՄ ներկայացուցչությունը հետևում է իրավապաշտպանների և լրագրողների հետ կապված դատական գործընթացներին: «Մշտապես պետք է հարգանք ցուցաբերվի անմեղության կանխավարկածին, արդար դատավարության ու ինքնապաշտպանության իրավունքին»,-ասել է նա:
Եվրամիության հանձնաժողովի խոսնակը հիշեցրել է, որ Թուրքիան Եվրահանձնաժողովի անդամ է և ԵՄ թեկնածու երկիր: «Ինչպես բազմիցս նախազգուշացրել է Եվրամիությունը՝ Թուրքիան՝ որպես թեկնածու և Եվրահանձնաժողովի երկիր պետք է հարգանք ցուցաբերի բարձրագույն ժողովրդավարական չափորոշիչների նկատմամբ»:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը ձերբակալվել է մայիսի 12-ին:
Ավելի վաղ՝ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները:
Ձերբակալվել, ապա կալանավորվել էին 13 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողների դեմ գործողությունն իրականացվել է «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով` խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով։