«Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ ներկայացրել եմ Հայաստանը». Արծվիկը ժամանեց Հայաստան
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը երեկ ուշ երեկոյան ժամանեց Հայաստան: «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ասաց, որ այնտեղ զգացել է այս ջերմությունը, կարդացել է բոլորի կողմից գրված դրական խոսքերը, և դա նրան մեծ ուժ է տվել:
«Շատ տպավորված եմ: Սա ինձ համար մեծ փորձ էր, շատ բան եմ վերցրել, սովորել մրցույթից: Շատ ուրախ եմ, որ ես եղել եմ այդ բեմի վրա: Կարծում եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց: Արել եմ այն, ինչ ուզում էի և արել եմ մաքսիմալը: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ ներկայացրել եմ Հայաստանը»,- ասաց երգչուհին:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում էր Ուրկրաինայի մայրաքաղաք Կիևում մայիսի 9-13-ը: Հայաստանն այս տարի «Fly with me» երգով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, իսկ մրցույթի հաղթողն էր Պորտուգալիան «Amar Pelos Dois» երգով:
Ռոզա Հակոբյան