«Ելք» դաշինքը դեռ իր քննությունը լիարժեք չհանձնած՝ ձախողեց». Զարուհի Փոստանջյան
«Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է: Ես չեմ կիսում այդ կարծիքը, ավելին` դատապարտում եմ»,- այսօր ասուլիսի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով «Ելք» դաշինքի հայտարարությունը , ըստ որի՝ այն քաղաքացիները, ովքեր Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ կհրաժարվեն հնարավոր ընտրակաշառքից, «Ելք» դաշինքի հաղթանակի դեպքում կկարողանան Երևանի քաղաքապետարան դիմում ներկայացնել և սոցիալական աջակցություն ստանալ՝ 15 հազար դրամի չափով:
Զ.Փոստանջյանի խոսքով` հանրային միջոցները պետք է արդյունավետ ծախսվեն հասարակության կարիքները հոգալու համար:
Թե ինչո՞ւ «Ելքը» փորձեց գնալ իշխանության ճանապարհով, Զ.Փոստանջյանը նշեց, որ ապրիլի ընտրություններից հետո մարդիկ դեպրեսիայի մեջ են: Նրա կարծիքով` «Ելքը» ճանաչեց ընտրությունների արդյունքները, այսինքն` լեգիտիմացրեց ընտրությունները, երբ որ պետք է մերժեին դրանք, քանի որ պետք է դիտարկել ոչ միայն ընտրատեղամասերում կատարվածը, այլ ընդհանուր նաև դրսում եղածը, որովհետև մարդկանց ահաբեկել են, ու ամբողջ գործառույթը եղել է ընտրատեղամասերից դուրս:
««Ելք» դաշինքը դեռ իր քննությունը լիարժեք չհանձնած՝ ձախողեց»,- ասաց Զ.Փոստանջյանը` հավելելով, որ ցուցակում ներգրավված որոշ անձանց հետ ավագանիում ինքը կարող է համագործակցել:
168.am-ի հարցին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանի խոստումների համար նախազգուշացրեց նրան, արդյոք այս դեպքում ԿԸՀ-ն չպե՞տք է միջոցներ ձեռնարկի, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ սա ոչ միայն ԿԸՀ-ի խնդիրն է, այլև քրեորեն հետապնդելի արարք է, և դրանով պետք է զբաղվեն իրավապահները.
«Նրանք արդեն իսկ, երբ հայտարարեցին, որ ճանաչում են կեղծված խորհրդարանական ընտրությունները, իրենք հայտարարեցին, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը Սերժ Սարգսյանի հետ: Դա հայտարարել էին վաղուց, երբ կողմ էին արտահայտվել ապօրինի հավաքագրվող 1000 դրամ գումարներին: Բայց մեր խնդիրը Սերժ Սարգսյանն է, հատկապես` Նիկոլ Փաշինյանը վերցրել է մանդատը և գնալու է խորհրդարան»: