Բաժիններ՝

«Տարոն Մարգարյանն ունի լսելու կարողություն». Մկրտիչ Մինասյան

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գտնում է՝ քաղաքապետ լինելը շատ դժվար գործ է, և քաղաքապետը պետք է շատ օժտված լինի իր քաղաքացիներին լսելու ունակությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեսակետ հայտնեց, որ հնարավոր է՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը չկարողանա լայնամասշտաբ քայլեր կատարել, քանի որ քաղաքային բյուջեն փոքր է, բայց, ըստ նրա՝ քաղաքապետն ունի լսելու կարողություն: Մ. Մինասյանի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատանքը կառավարելը շատ բարդ է, որովհետև յուրաքանչյուր րոպե մի խնդիր է ծագում:

Մ. Մինասյանը կարծում է՝ «Ելքի» կարգախոսն էլ շատ լավն է, բայց կարգախոսները ցանկություններ են. «Ասում են՝ եթե թույլ տան, մենք 1-2 մետրոկայան կարող ենք սարքել: Չկա այդ գումարը, չկա, 50-70 միլիոն դոլար է մի կայարանը: Շատ խնդիրներ կան, բայց քաղաքապետարանում խնդիրներ կան, որ լուծվել են, և մարդիկ հանգիստ են, որովհետև իրենց լսողներ կան»: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով էլ՝ բոլորը լավն են ուզում, բայց լավ չեն պատկերացնում, թե ինչ ճանապարհով կարող են դրան հասնել: Ըստ նրա՝ պետք է ներդաշնակություն ապահովել:

168.am-ը Մ. Մինասյանից հետաքրքրվեց, թե ավագանու անդամների աշխատավարձ չստանալը որքանո՞վ կարող է ազդել նրանց աշխատանքի արդյունավետության վրա: Ի պատասխան՝ նա ասաց.

«Դա հասարակական աշխատանք է, և ոչ մի գումար դա չի հատուցի, եթե նրանք իրոք ճիշտ չաշխատեն: Կարող է գումար տան, բոլորովին ուրիշ արդյունք լինի»: Մ. Մինասյանը նաև հավելեց, որ ավագանու անդամները միշտ չեն քաղաքապետարանում լինում, նրանք միայն նիստերին են ներկայանում: Նա նաև նշեց, որ ինքը մի քանի խորհուրդների անդամ է, գումար չի ստանում դրա դիմաց, բայց անում է այդ աշխատանքը։

Կարդացեք նաև

Խոսելով գործող ավագանու աշխատանքի մասին՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ցանկալի կլինի՝ բոլորի աշխատանքը թափանցիկ լինի: Մեր հարցին, թե հիմա թափանցիկ չէ՞, Մ. Մինասյանը պատասխանեց, որ կարծես թե այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս