Վրաստանն ավելի քան 4 մլն դոլար կծախսի մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար
Վրաստանը 10 մլն լարի (ավելի քան 4,1 մլն դոլար) կծախսի գերմանական Հոհենֆելս բազայի օրինակով մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ տարեկան հաշվետվությամբ ելույթ ունենալով խորհրդարանում:
Մարտական պատրաստության կենտրոնը կառուցվելու է 2016-2019 թվականներին անվտանգության ոլորտի շրջանակային համաձայնագրի շրջանակներում, որը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվել է 2016 թվականի վերջին:
«Մեր կողմից 10 միլիոն լարի կտրամադրվի մարտական պատրաստության կենտրոնի կառուցմանը, որը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Վազիանիում: Եվ կառավարությունը մոտ ապագայում կընդունի այդ որոշումը: Դա լինելու է այն կենտրոնի անալոգը, որն ԱՄՆ-ը եվրոպական հրամանատարության շրջանակներում ունի Գերմանիայի տարածքում: Դա շատ հավակնոտ պլան է»,-ասել է Իզորիան:
Մարտական պատրաստության կենտրոնի կառուցումը վրացամերիկյան համատեղ նախագիծ է: Մարտի սկզբին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբայան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է վրացական կողմին 60-ից մինչեւ 70 մլն դոլար հատկացնել «Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ» հուշագրի շրջանակներում: 2016-2019 թվականների համար շրջանակային համաձայնագիրն ստորագրվել է հուշագրի հիման վրա, հաղորդել է Sputnik-ը: