Մեյը, Մերկելը և Թրամփը համոզված են, որ Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի քիմիական գրոհի համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի քիմիական գրոհների համար, որոնք իրականացվել են Սիրիայում, տեղեկացնում է Սպիտակ տան տարածած մամուլի տեղեկագիրը:
Դրանում նշվում է, որ ապրիլի 10-ին կայացել են Թրամփի հեռախոսազրույցները Մեյի եւ Մերկելի հետ:
«Վարչապետ Մեյը եւ կանցլեր Մերկելը աջակցություն հայտնեցին ԱՄՆ-ի գործողություններին եւ Թրամփի հետ համաձայնեցին, որ կարեւոր է պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին»,-ասված է մամուլի տեղեկագրում:
Լույս ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:
Պենտագոնը պնդում է, որ հենց այդ ավիաբազայից է ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ կիրառելով քիմիական զենք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: