Հարավային Կորեայի նախկին նախագահը հարցաքննվել է
Հարավային Կորեայի դատախազության քննիչները ապրիլի 8-ին կրկին հարցաքննել են երկրի նախկին նախագահ Փակ Կըն Հյեին, ով ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալին ներգրավվածություն ունենալու մեղադրանքով: Այդ սկանդալը հանգեցրել էր նրա իմպիչմենթին և իշխանությունից հեռացման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փակ Կըն Հյեն պահվում է քննչական մեկուսարանում, նրա բանտարկման նախնական ժամկետը դատարանը երկարաձգել է մինչև ապրիլի 19-ը: Նախորդ հարցաքննությունների ժամանակ նախկին նախագահը հերքել է բոլոր մեղադրանքները:
Փակ Կըն Հյեն մեղադրվում է կաշառակերության և կոնֆիդենցիալ տեղեկությունն իր ծանոթին` Ցոյ Սուն Սիլին հաղորդելու մեջ: Հենց վերջինս էլ համարվում է կոռուպցիոն սկանդալի գլխավոր մեղադրյալը: Ցոյ Սուն Սիլը, չզբաղեցնելով պետական պաշտոններ, խառնվել է նախագահական ադմինիստրացիայի գործերին և իր կապերն օգտագործելով օգուտ է ստացել:
2016 թվականի դեկտեմբերի 9-ին Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը Փակ Կըն Հյեին իմպիչմենթ է հայտարարել: Սահմանադրական դատարանը մարտի 10-ին հաստատել է նախկին նախագահին իշխանությունից հեռացնելը: Նա դարձել է Հարավային Կորեայի երրորդ նախագահը, ով նախագահությունից հետո հայտնվել է բանտում: