«Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ հումանիտար աղետին ենք ականատես լինում». Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով շաբաթվա սկզբին Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Խան Շայխուն բնակավայրում տեղի ունեցած քիմիական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել, ասաց, որ սիրիական ընդդիմությունը և նրան հարող արտաքին ուժերը պնդում են, որ սիրիական օդուժը քիմիական զենք է կիրառել, քիմիական բաղադրիչներով հրթիռներով հրթիռակոծել է շրջանը, իսկ սիրիական կառավարությունը և ռուսական կողմը, նրա խոսքով՝ նշում է, որ հարվածը եղել է ընդդիմությանը:
«Բնականաբար, ոչ ոք չի կարող ասել, թե որ վարկածն է ճշմարտացի։ Իմ կարծիքով՝ երկու հիմնական տարբերակ է հնարավոր. ես բացառում եմ, որ Բաշար Ասադի կամ սիրիական բարձրագույն իշխանությունների գիտությամբ է իրականացվել այս գրոհը։ Եթե սիրիական կառավարական ուժերն են հեղինակը, ապա նրանք գործել են առանց բարձրագույն ղեկավարության իմացության։ Բայց շատ ավելի ճշմարտության մոտ եմ համարում հենց սիրիական կառավարության և ռուսական կողմի մեկնաբանությունը, որ հարվածն իրականացվել է քիմիական զենքի պահեստներին»,- ասաց նա։
Այս իրավիճակը, ըստ արաբագետի՝ ձեռնտու է սիրիական ընդդիմությանն ու նրանց արտաքին հովանավորներին, այսինքն՝ Պարսից Ծոցի արաբական երկրներին. «Նրանց պետք էր մի իրավիճակ, որպեսզի առանց իրենց մասնակցության ընթացող պրոցեսները բացառվեին, ինչին մենք ականատես ենք լինում»։
Արաբագետը չի կարծում, թե ԱՄՆ-ի կողմից ներսիրիական իրադարձություններին ուղղակի միջամտություն է եղել. «Ուղղակի ստեղծվել էր միջավայր՝ իրավիճակը փոխելու, ԱՄՆ գործողություններն ավելի ակտիվացնելու։ Մինչ այս Թրամփի վարչակարգն աչքի էր ընկնում միայն հայտարարություններով, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նոր ռազմավարության մշակմամբ, և այլն։ Եթե պայմանականորեն բնորոշենք ներկա իրավիճակը, կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը վերադառնում է սիրիական հակամարտություն»։
Նրա գնահատմամբ՝ սա նախազգուշական հարված էր. «Նախ՝ հարվածից առաջ նախազգուշացվել է ռուսական կողմը, տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները, և հարվածն իրականացվել է այնպես, որ հնարավորինս քիչ մարդկային կորուստներ լինեն։ Հետևաբար՝ սա նախազգուշական հարված էր ԱՄՆ-ի կողմից, և պատասխան էր, ըստ իրենց՝ սիրիական կառավարությանն ու նրա արտաքին հովանավորներին»։
Արաբագետն ընդգծեց, որ Թրամփն այս քայլով ցանկանում էր տարբերվել Օբամայից իր գործողություններով, որոնք, ըստ նրա՝ խորը հետևանքներ չեն ունենա, եթե ռուսական կողմը փորձի խնդիրը տեղափոխել դիվանագիտական հարթություն, և առավել չսրի իրավիճակը. «Այլ բան է, որ այս իրավիճակը կարող է հետագա սադրանքների պատճառ դառնալ։ Պարզ է, որ Ռուսաստանն այնուամենայնիվ չի գնա սրացման, բայց փորձագիտական շրջանակներում կտրուկ գնահատականներ կլինեն»։
Ա. Պետրոսյանը նշեց նաև, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ հումանիտար աղետին ենք ականատես լինում. «Յուրաքանչյուրն իր խաղն է խաղում, իր դիրքերն է փորձում ամրապնդել՝ առանց հաշվի առնելու շարքային սիրիացու պարզ մարդկային իրավունքները։ Սիրիան վերածվել է մի մեծ խաղադաշտի, որտեղ յուրաքանչյուր դերակատար իր խաղն է խաղում, փորձում է ինքնահաստատվել մյուսների հաշվին։ Եվ հենց սա է պատճառը, որ այս հակամարտությունը կարող է անընդհատ ձգվել»։