«Օպերային թատրոնում ոչ միայն ռեստորան, այլ նաև շոգեբաղնիք պետք է լինի». մշակույթի նախարար. tert.am
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Tert.am-ի հետ զրույցում վերահաստատել է նախկին պնդումը, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացելու անհրաժեշտություն կա, քանի որ թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվել:
Ավելին, ըստ նրա, Օպերային թատրոնում պետք է նաև շոգեբաղնիք լինի՝ «սաունա»: «Պետք է լինի նաև մարզասրահ, պետք է լինի շոգեբաղնիք, որը Ձեզ մոտ հիմա շոկ է առաջացնում, բայց բալետի պարողների համար, արտիստների համար շատ կարևոր է, որ նրանք լինեն լավ մարզավիճակում, որպեսզի ավելորդ քաշը, ավելորդ ծանրությունը կարողանան նվազեցնել՝ լավ երգելու, լավ պարելու համար»,-ասել է նա:
Ըստ Ամիրյանի՝ ժամանակին եղել է, որը քանդել են և կառուցել են տարբեր տիպի հաստատություններ. «Եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, ամեն բան, ինչ պետք է արտիստների համար»։
Իսկ մինչ այդ նա նշեց, որ մշակվում է ենթակառուցվածքների նախագիծ, խոսքը վերաբերում է սանհանգույցներին, պատշգամբին, բեմին և այլն: «Դուք հիմա խոսում եք միայն կենցաղային հատվածի մասին, բայց ծրագրային, խաղացանկային քաղաքականություն է մշակվում, ամբողջը պետք է փոխել, մենք պետք է անպայման ունենանք երկրորդ բեմը մանկական օպերային ներկայացումներ բեմադրելու համար: Անպայման պետք է լինեն հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք պետք է ապահովեն Օպերային թատրոնի արտիստների սննդակարգը, այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների համար»,-ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: