«Ես նայում եմ Սամվել Բաբայանի աչքերին հիմի…». Վարդան Օսկանյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 2-ին դուք ձեր ձայնով որոշելու եք ձեր և ձեր երեխաների, թոռների ապագան հաջորդ տասնամյակների համար»,- այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը։

Ըստ նրա՝ ընտրողները հստակ այլընտրանք ունեն՝ հանձին ՕՐՕ դաշինքի, և, եթե իրենք լինեն իշխանության, Հայաստանը 6 ամսում կդասվի ժողովրդավար երկրների շարքում. «Դրա համար պետք է ընդամենը քաղաքական կամք»։ Օսկանյանը խոստացավ, որ այդ դեպքում ճանապարհները կբացվեն, ժողովրդի վստահությունն իշխանությունների նկատմամբ կվերականգնվի, իրենք դնելու են շատ հավակնոտ ծրագիր՝ 10-12% տնտեսական աճ, ու հասնելու են դրան։ Օսկանյանը կրկին խոսեց ԱԳՆ իր ղեկավարման ձեռքբերումներից և նշեց, որ արտաքին քաղաքականությունն այսօր դարձել է ոչ թե խնդիրներ լուծելու միջոց, այլ նպատակ՝ տարբեր երկրներ այցելելու համար. «Այս տարիներին մենք արտաքին քաղաքական հենք չենք ունեցել, ոնց քամին փչել է, էդպես էլ գնացել են»։

Նախկին արտգործնախարարի կարծիքով՝ Հայաստանն արդեն սուվերեն պետություն չի, ոչ ոք հաշվի չի նստում Հայաստանի կարծիքի հետ, իսկ իրենց ջանքերի միասնությամբ իրենք կհասնեն հաջողությունների։

«Ես նայում եմ Սամվել Բաբայանի աչքերին հիմի (ցույց տվեց դեպի Բաբայանի նկարները.- խմբ.), մի մարդ, որ ազգային հերոս է, նա Ղարաբաղի ազատագրական ակունքներում է եղել։ Այսօր նա ճաղերի հետևում է։ Սա այն մարդն է, որ իսկապես հիմնական պատնեշն է, բերդն է լինելու տարածքների վերադարձման կոթողների, այդ ցանկությունների դիմաց, և նրան այսօր հանել են հրապարակից, որովհետև նրանց համար բաց ճանապարհ է անհրաժեշտ, որ գնան իրենց դավադիր բանակցությունները շարունակեն ԼՂ-ի շուրջ։ Մենք դրան «ոչ» ենք ասում»,- հայտարարեց Օսկանյանը՝ ՕՐՕ դաշինքի ղեկավարներին անվանելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն։

Տեսանյութեր

Լրահոս