«Պարոն Տիգրան Սարգսյան, ո՞ւր է իմ հացի փողը»
Այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ Աշոտ Մանուչարյանը պատմեց 88-ի իրողություններից, երբ այն ժամանակ Ազգային բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին մի մուրացիկ կին է մոտեցել, բայց Սարգսյանը մերժել է նրան, իսկ այդտեղ գտնվող Վազգեն Մանուկյանը փորձել է օգնել, սակայն կինը հրաժարվել է և դիմել է Սարգսյանին. «Պարոն Տիգրան Սարգսյան, ո՞ւր է իմ հացի փողը»։
«Բոլորս չորացանք, հասկացանք, որ սա արդեն դատարկ խոսակցություն չի։ Տիգրանը, արդեն շատ նեղված, ասեց՝ տիկին, այդպես է ստացվել այսօր»,- ասաց Մանուչարյանը և նշեց, որ ի վերջո տիկինն ասել է, որ ցանկանում է իմանալ՝ ո՞նց է ստացվել՝ իր հացի փողը մոռացել է այդ մարդը։
Մանուչարյանը նշեց, որ Ազատության հրապարակում միայն հայ մարդն է տիրում, չկա բզկտվածություն, առանձնություն. «Մի հատ հիշեք՝ ինչ ջերմություն էր այս հրապարակում։ Չկար մի մարդ, որ հացն առանձին ուտեր»։ Ըստ նրա՝ հրապարակը սրբազան տեղ է, և դաշինքները պետք է գործեն՝ որպես միասնականություն։ Մանուչարյանը դիմեց ՕՐՕ-ին և նշեց, որ հայկականության ճանապարհով են գնալու, որ Հայաստանում չլինի մի երեխա, մի տարեց կին, որ որևէ մի պաշտոնյայի դիմելով՝ ասի, որ ինքն իր հացի փողը մոռացել է։