«Մենք ունեցանք շատ վատ քարոզարշավ». Արմեն Մարտիրոսյան
«Մենք ունեցանք շատ վատ քարոզարշավ ոչ թե մեր աշխատանքի պատճառով, այլ իշխանությունների ապօրինությունների պատճառով։ Ամենասկզբից՝ սև քարոզչություն, որին փոխարինեցին բռնությունները, կրակոցները, Ջրառատը»,- այսօր Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, «Ժառանգություն» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա հիշեցրեց Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի սպանության մասին ու կոչ արեց 1 րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։
Ա.Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինչքան էլ իշխանությունը դիմի ապօրինությունների, միևնույնն է՝ ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Ըստ նրա՝ գյումրեցիներին այսօր փորձել են արգելել գալ Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը մրցում է Ադրբեջանի հետ քաղբանտարկյալների թվով, որոնց շարքերը վերջերս լրացրեց Սամվել Բաբայանը. «Մեր իշխանության գալու պարագայում առաջին քայլը բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակաելն է։ Զոհված 2 ոստիկանների հետ կապված կլինի արդար դատաքննություն»։
Ա. Մարտիրոսյանը հայտարարեց նաև, որ ՕՐՕ-ի իշխանության գալու դեպքում կլինի համաներում։