«Սամվել Բաբայանի պաշտպանության գործում պետք է մինչև վերջ առաջ գնանք». Սեյրան Օհանյան
«Դաշինքի նկատմամբ հարվածներ, ճնշումներ են եղել, համապատասխան ազդեցության տարբեր միջոցառումներ` սկսած Ջրառատի դեպքից, մինչև Սամվել Բաբայանի հետ կապված գործընթացները: Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր լավ գործընկերն է և տարբեր ժամանակներում իր հնարավորության սահմաններում աջակցել է մեզ և իր իրավունքների պաշտպանության գործում պետք է մինչև վերջ առաջ գնանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպես է ստացվում, որ ԱԱԾ նյութերը հայտնվում են լրագրողների մոտ և առաջինը ԶԼՄ-ներն են տարածում, որ լինեն նման գործընթացներ:
Ըստ նրա` տարածվող տեղեկությունները կեղծ են, իսկ կյանքն ապրիլի 2-ով չի ավարտվելու: Ս.Օհանյանի խոսքով` իրենք աշխատում են Սամվել Բաբայանի փաստաբանի միջոցով, Սամվել Բաբայանն այդ ամենը չի վերցրել իր վրա, որևէ փաստ գոյություն չունի.
«Նա առնչություն չունի և չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ` այս ժամանակահատվածում: Մենք գտնում ենք, որ դա քաղաքական հետապնդումներ են Սամվելի և մեր դաշինքի նկատմամբ, որ անընդունելի է այս ժամանակահատվածում: Մեր դաշինքն ունի ուժ և դերակատարություն է իրականցնելու` փոխելու իշխանությունը»:
Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանի կարծիքով` Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես բոլոր մյուսները` Ժիրայր Սէֆիլյանը, «Սասնա ծռերը», և իշխանափոխության դեպքում նրանք բանտի խցերից ազատ կարձակվեն:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր իշխանությունների օրոք ունեցել է քաղաքական բանտարկյալներ, կեղծել է ընտրություններ, իսկ այս իշխանության օրոք դա հասել է ամենաբարձր մակարդակի. «Ես համարում եմ, որ կա բարձր քաղաքացիական գիտակցություն, որ այսպես շարունակել չենք կարող: Թեև ապրիլի 2-ը հարգանքի մատուցման օր է, նաև առիթ է, որ այդ հարգանքը մատուցենք այլ ձևով»:
«Սամվել Բաբայանը մեծ ներդրում ունի ՀՀ նորօրյա պատմության կերտման մեջ»,- ասաց Ս.Օհանյանը` հավելելով, որ անսխալական մարդիկ չկան, բայց իր ներդրումն այնքան մեծ է, որ չի կարելի ներքաշել նման գործընթացներում:
Ս.Օհանյանը նշեց, որ փաստաբանի ասածն իրենց համար հիմք է և փաստաբանը չէր կարող այնպիսի տեղեկություններ տարածել, որ համաձայնեցված չէին Բաբայանի հետ:
Ընդ որում, պաշտպանության նախկին նախարարի խոսքով, նկարներում տեսել են մի խողովակատիպ գործիք, որն այդ իրավիճակում չի կարող կրակելու հնարավորություն ունենալ: