Բաժիններ՝

Ծանր ընթացք, նվիրված խաղ և սպասելի հաղթանակ. Մեկնաբանում է մարզիչը

Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հանդիպել էին Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականները: Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել՝ մրցակցի դարպասը ուղարկելով 2 անպատասխան գնդակ:

Հանդիպումը բավականին ծանր էր ընթանում հայ ֆուտբոլիստների համար: Չնայած Հայաստանի հավաքականը ամբողջ խաղի ընթացքում գերազանցում էր մրցակցին՝ գոլեր տեսանք միայն եկրորդ խաղակեսում: Երկրորդ խաղակեսի միջնամասում հավաքականի խաղն աշխուժացրին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի փոփոխությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ մրցակիցը ստիպված էր խաղալ 10 ֆուտբոլիստով:

Խաղավարտին հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը զրուցեց լրագրողների հետ՝ նշելով, որ կարմիր քարտը շատ ճիշտ ժամանակին եղավ: Եթե առաջին խաղակեսում տղաներին հանգստությունն էր պակասում, ապա երկրորդ կեսում այդ խնդիրը լուծվեց:

«Կարողանում էինք լավ հարձակվել: Կային խնդիրներ և բացեր, բայց դա ժամանակի հարց է: Ավելի լավ կլիներ, որ իրացնեին այն պահերը, որ ունեինք առաջին խաղակեսում: Շատ կարևոր է, որ գոլ չընդունեցինք, վերջին անգամ 4 տարի առաջ էր, որ գոլ չէինք ընդունել»,-նշում է Արթուր Պետրոսյանը:

Արթուր Պետրոսյանը նշում է, որ հավանում էր Սարկիսովի խաղը, ով օգնում էր առաջին գծի ֆուտբոլիստներին ու հանդիպման վերջում անգամ երևում էր՝ ինչպես էր հոգնել: Ըստ գլխավոր մարզչի՝ Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին արեցին այն, ինչ պահանջվում էր իրենցից և լավագույնս դրսևորեցին իրենց: Արթուր Պետրոսյանը նշում է, որ Օզբիլիսը մարզավիճակ չուներ, բայց կարողացավ գոհացնող ելույթ ունենալ: Մարզիչը փոխարինված ֆուտբոլիստներից գոհ է:

Արթուր Պետրոսյանի խոսքով՝ պաշտպանությունում միայն պակասում էր վստահությունը, ինչպես նաև հավաքականի համար խնդիր է այն, որ ֆուտբոլիստները տարբեր առաջնություններում են խաղում և ճիշտ ժամանակին հավաքական ներկայանալը խնդիր է: Այդ իսկ պատճառով դեռևս պարզ չէ, թե ինչպես է լուծվելու ընկերական հանդիպումներ անցկացնելու խնդիրը: Մարզչի խոսքով՝ ընկերական հանդիպում անցկացնելը շատ կօգնի թիմին: Կխաղանք Սենթ Քիթս ընդ Նևիսի հետ, քանի որ Հյուսիսային Իռլանդիան վերջին պահին հրաժարվեց ընկերական հանդիպումից: Նմանատիպ իրավիճակ է եղել նաև Նոր Զելանդիայի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս