«Մենք գուբերնիա չենք». Րաֆֆի Հովհաննիսյան

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում: Դաշինքի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Քարակերտի, Ալաշկերտի ընտրողների հետ, իսկ քիչ առաջ` Մեծամորի:

«Համախմբում» կուսակցության նախագահ, դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ սեփական ձախողումներն արդարացնելու համար հարևաններին օրինակ բերելը տեղին չէ: Ըստ նրա` այս ընտրությունները ճակատագրական են, քանի որ, եթե չկարողանան իշխանություն փոխել, հաջորդ տարիներին շատ ավելի դժվար է լինելու. «Մի կողմից՝ կա իշխանություն, որ սպառել է իրեն, մյուս կողմից՝ քաղաքական դաշտում կա այսպիսի հետաքրքիր ներկապնակ, որտեղ մենք այս վառ եռագույնով ներկայացված ենք և մենք մեզ բավականին ինքնավստահ ենք զգում, որ կարողանանք երկրում իրավիճակ փոխել»:

Դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` իրենց դաշինքը չափազանց կարևոր խնդիր ունի լուծելու, և, ինչպես 90-ական թվականներին են կարևորագույն ընտրություն կատարել, այնպես էլ՝ հիմա:

«Մենք դոփում ենք տեղում, տնտեսությունը կաղում է, գոյություն ունի արտագաղթ, սոցալ-տնտեսական պայմանները գտնվում են բավականին ցածր մակարդակի վրա: Իշխանափոխությունն անհրաժեշտություն է, պետք է գան նոր ուժեր: Մենք ոչ մեկի դեմ ոչ մի բան չունենք, բայց աշխարհում էլ է այդպես»,- ասաց Ս.Օհանյանը` խոստանալով արագընթաց տեմպով երկիրը տանել զարգացման և կոտրել հուսալքության մթնոլորտը:

Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` գտնվում ենք հերթական բախտորոշ վճռի առաջ, և պետք է որոշել, թե ինչպես ենք ապրելու 5 տարի: Նա նշեց, որ իշխանության գալու դեպքում իրենք վերականգնելու են նախկին Սահմանադրությունն ու օրենքները: Ր. Հովհաննիսյանը պատմեց այս օրերին երկրում տեղի ունեցած  բռնությունների, ծեծկռտուքների, դպրոցներում ուսուցիչների կողմից հավաքագրումների բացահայտումների մասին:

«Այդ կուսակցությունը պետք է բացառվի, չեղարկվի նրա մասնակցությունն ընտրություններում: Մենք գուբերնիա չենք: Այս իշխանությունը նենգաբար ստիպում է հայ մարդուն մեղսակից լինել երկրում: Հայաստանն այսօր ունի օրենքից դուրս իշխանություն, որը մուրում է Ռուսաստանից, եվրոպական կուսակցությունից»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ մարտի 28-ին ժամը 18:00-ին տեղի կունենա դաշինքի մեծ հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում:

Տեսանյութեր

Լրահոս