«Տրամադրված ենք առնվազն 2018 թվականին աշխատավարձերի և կենսաթոշակների խնդիրները վերանայել». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավթաշենի ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս 6 ամվա ընթացքում կատարել են խորը և անկողմնակալ ախտորոշում ու գիտեն` ինչպես լուծել երկրի առջև ծառացած խնդիրները.
«Այն բարեփոխումների ծրագիրը որ ներկայացնում ենք, առանձնանում է երեք հատկանիշով` հավակնոտ է, պրագմատիկ, և այն թիմը, որը դա իրագործելու է, ունի կամք և հարկ եղած դեպքում` կոշտություն՝ այն իրագործելու համար»։
Վարչապետը նշեց, որ կանխավճարներով բյուջեն լցնելու գաղափարից հրաժարվել են, անցկացրել մի շարք բարեփոխումներ. «Մոտ օրերս կառավարության նիստում կանցկացնենք ազատ տնտեսական գոտու փաստաթղթերը ու սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին Իրանի սահմանում կունենանք այդ գոտին»։
Նա ընտրողներին կոչ արեց իրենց ծրագիրը համեմատել մյուս ուժերի ծրագրի հետ, որտեղ, ըստ նրա միայն քննադատություններ են ու իրենց ծրագիրն ավելի իրատեսական է։ «Տրամադրված ենք առնվազն 2018 թվականին աշխատավարձերի և կենսաթոշակների խնդիրները վերանայել»,- հայտարարեց նա։
Քաղաքացիներից մեկը նկատեց`ժողովուրդն անվստահություն ունի ՀՀԿ-ի հանդեպ, բայց այս կարճ ժամանակահատվածում ձեր հմայքով կարողացաք փոխել այդ իրավիճակը. «Մարդիկ գնում են անձի հետևից և 10 դավթաշենցուց 9-ն ընտրում է Արթուր Գևորգյանին։ Վտանգավո՞ր է արդյոք անհատի հետևից հնալը»:
Ի պատասխան` վարչապետն ասաց, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում` վստահել անհատին թե ոչ. «Անձերն են փոխում համակարգեր, բայց ես այսօր իրականում շատ կցանկանամ, որ տարիներ անց քաղաքացիները դժվարանան հիշել` ով է վարչապետը, համայնքապետը, քաղաքապետը։ Դա ցույց կտա, որ կառավարման համակարգը կայացել է։ Ես ինձ համարում եմ ոչ վատ կառավարիչ, կան կամպանիաներ, որ զրոյից եմ ստեղծել ու դրա համար շատ հպարտ եմ»: