Սևանում Ծառուկյանի ավտոմեքենան առաջնորդել է դրոշակակիր մի հեծյալ՝ ձիու վրա
Այսօր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան Ծառուկյանը եղել է Ճամբարակում, Սևանում, խոսել իր ծրագրային դրույթներից։ Սևանում Ծառուկյանի ավտոմեքենան դեպի հանրահավաքի վայր առաջնորդել է դրոշակակիր մի հեծյալ՝ ձիու վրա։ Ինչպես ամենուր, Գ. Ծառուկյանին դիմավորել են աղուհացով, աղունիկներ թռցնելով, ողջագուրվելով։
«Ես ձեզնից մեկն եմ, զրոյից կայացած մարդ եմ, պետական պաշտոններ չեմ ունեցել»,- հայտարարեց արդեն 5 տարի պատգամավոր Ծառուկյանը։
Նա շեշտեց, որ իրենց հնարավորություն է պետք՝ համակարգ, մարդկանց փոխելու համար, ոչ թե՝ որ ձայն ստանան, անցնեն խորհրդարան՝ միայն իրենց կաշին փրկեն. «Մեզ պետք է 50+1 ձայն»։
Գ. Ծառուկյանը հայտարարեց, թե լրատվականներն են ժողովրդին մոլորության մեջ գցում։ Նա նշեց, որ 2012 թ. 2008-ի համեմատ ժողովուրդն իրեն ավելի շատ ձայն է տվել, բայց դա բավարար չէր իշխանություն ստանալու, կառավարություն ձևավորելու համար, իսկ կոալիցիա կազմել իրենք չեն համաձայնել. «Մենք ձեր առաջ պատասխան տալու չունենք, որովհետև մենք չենք մասնակցել այդ կառավարման գործում»։