«Եթե ձեր կողքին կան վայ-հայրենասերներ, Կիրովաբադում թեյ խմելու ցանկություն ունեցողներ… քաշվեք մի կողմ». Արամ Մանուկյան

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ գտնվում ենք մի մարզում, որի 190 կմ-ը սահմանամերձ է, և արդեն շուրջ 30 տարի պատերազմի մեջ ենք։ Եկել է ժամանակը, որ այն ժողովուրդը, որը կերտել է հաղթանակը, այն քաղաքական ուժը, որը ժողովրդի աջակցությամբ կերտել է հաղթանակ և հազարավոր տարիների ընդմիջումից կարողացել է իր երկիրը մեծացնել, ազատագրել իր հայրենի հողը, եկել է պահը, որ մենք ասում ենք՝ պետք է այդ հաղթանակն ամրագրել, ամրացնել, պայմանագիր դարձնել, միջազգային իրավունքի միջոցով փաստաթուղթ ձևակերպել Ղարաբաղի համար և ուժեղացնել Հայաստանն ու Ղարաբաղը»,- երեկ Իջևանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց պատգամավորության թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ պետք է խաղաղություն հաստատել այն ծրագրով, որը եռանախագահները, գերտերությունները 20 տարի շարունակ բանակցելով իրար հետ և բանակցելով Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներկայացրել են։ Ա.Մանուկյանի խոսքով՝ եթե ներկայիս իշխանությունները չեն կարող խաղաղություն հաստատել, պետք է տեղը զիջեն իրենց.

«Եթե չեք կարող, եթե ձեր կողքին կան վայ-հայրենասերներ, կենացով հայրենասերներ, Կիրովաբադում թեյ խմելու ցանկություն ունեցողներ, չեք կարող խնդիրը լուծել, ոչինչ, քաշվեք մի կողմ։ Կա քաղաքական ուժ՝ Կոնգրես-ՀԺԿ քաղաքական դաշինքը, որն ասում է՝ ես գալիս եմ Ղարաբաղի արժանապատիվ լուծման ծրագիրն իրականացնելու»:

«Ղարաբաղի պահպանման, անվտանգության և Հայաստանի ուժեղացման խնդիրն այս պահին խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Եվ չարժե ընդդիմանալ մեր հաղթանակներն արձանագրելու այս ծրագրին»,- ասաց Ա.Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս