«Չպետք է երբևէ թույլ տանք հակառուսական քաղաքականություն». Սեյրան Օհանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի վետերանների միությունում կազմակերպված նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանին կտրուկ փոփոխություններ են պետք.
«Մեր հարևան երկրում այդ կտրուկ փոփոխությունները բերեցին նրան, որ գրեթե իսպառ վերացավ կոռուպցիան, վերացան կիսագողական բարքերը, պետական համակարգը նոր չափանիշների վրա դրվեց: Դրականի վրա հիմնվելով՝ երկիրը հեղեղվեց արտերկրյա ներդրումներով, տնտեսությունը սկսեց զարգանալ: Մենք մի մեծ քայլ հետ ենք մնում այդ երկրից՝ մեր հարևան Վրաստանից:
Իհարկե, նրանց թերություններից մեկն այն է, որ տնտեսության զարգացմանը հակադրեցին հակառուսական քաղաքականությունը, որը մենք չպետք է երբևէ թույլ տանք: Մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ նոր որակի հարաբերություններ, նոր տնտեսական մեխանիզմներ, նոր համագործակցություն է պետք, որպեսզի մենք կարողանանք ինտեգրված մեր պատմական, աշխարհագրական, անվտանգային ու նաև տնտեսական տարածության մեջ՝ մեր առջև դրված խնդիրները լուծել: Դրա համար մենք այսօր ասում ենք, որ մեզ կտրուկ փոփոխություններ են պետք»:
Նրա խոսքով՝ դանդաղ առաջ ընթանալն իրենց համար ընդունելի չէ. «Մենք որոշել ենք՝ շարունակել ծառայել մեր երկրին, գնալ մինչև վերջ»:
Վետերաններից մեկի հարցին՝ Հայաստանի համար ամենահարմարը ժողովուրդ-բանակ մոդելն է, ինչո՞ւ Օհանյանի՝ նախարար լինելու ժամանակ չներդրվեց ժողովուրդ-բանակ մոդելը, քաղաքակա՞ն պատճառով, տնտեսակա՞ն պատճառով, թե՞ դրա մեջ համոզված չէր, նա պատասխանեց. «Ես առավել քան համոզված եմ՝ այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են: Ոչ թե ազգ-բանակ, որ հիմա է ասվում, այլ համաժողովրդական բանակի վերածվելու գաղափարը ես սկսել եմ իրականացնել դեռևս 2010 թվականից: Դա առաջին հերթին՝ բանակ-ժողովուրդ կապի ամրապնդումն է, որն արտահայտվել է հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքների առումով»: