Ստամբուլում ցուցարարները պոկել են Նիդեռլանդների հյուպատոսության վրա տեղադրված դրոշը
Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսության վրայից ցուցարարները պոկել են թագավորության դրոշը՝ այն փոխարինելով թուրքականով, գրում է Hurriyet Daily News-ը:
Բողոքի ակցիան Ստամբուլում անցկացվել է՝ կապված Նիդեռլանդների և Թուրքիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալի հետ:
Ցուցարարները հյուպատոսության մոտ հավաքվել էին այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները արգելել էին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին, ապա՝ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայային հանդիպել Ռոտերդամում ապրող թուրքերի հետ:
Թուրքիան Նիդեռլանդներին սպառնացել էր «պատասխան միջոցառումներով»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նիդեռլանդների իշխանություններին անվանել էր «նացիստների ու ֆաշիստների ժառանգներ»:
Այնուհետ Նիդեռլանդները երկրից վտարել էին Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարին՝ նրան հայտարարելով «անցանկալի անձ»:
VIDEO: Man raises Turkish flag at Dutch consulate in Istanbul https://t.co/ueuPESYwm1 pic.twitter.com/EO3lgjeHAc
— Hürriyet Daily News (@HDNER) March 12, 2017