«Ռուսաստանի համար կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին». Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել RT-ին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել RT-ին, որում ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացումը չի ազդի ռուս-հայկական հարաբերությունների վրա:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են դառնալ ջերմ կամ սառը: Մեզ միավորում է ռազմավարական գործընկերությունը: Կարծում եմ՝ դրանք անհամեմատելի կատեգորիաներ են»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին:
«Եթե Ռուսաստանին հաջողվի Թուրքիայի հետ ստեղծել և կառուցել այնպիսի հարաբերություններ, երբ Թուրքիան կանխատեսելի կլինի Ռուսաստանի համար, ես կարծում եմ, որ դա կարող է բխել Հայաստանի շահերից, քանի որ ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին մենք միշտ մտածել ենք», – ավելացրել է նա՝ ընդգծելով, թե չի կարող ասել, թե որքան արագ դա տեղի կունենա՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հենց Թուրքիայում:
Վիգեն Սարգսյանի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ: