«Հենրիխ Մխիթարյանի հարցով պայմանավորվել ենք հայ երկրպագուների հետ». Իվան Դանիլյանց
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցն իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Ինձ համար հաճելի է, որ իմ հայրենակիցը՝ Հենրիխ Մխիթարյանը խաղում է այդպիսի մակարդակ ունեցող ակումբում։ Չեմ թերագնահատի ոչ նրան, ոչ էլ «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս ֆուտբոլիստներին։ Այնտեղ հավաքվել են խաղացողներ, ովքեր կարող են շատ վտանգավոր լինել։ Վաղը հանդիպմումը դիտելու կգան շատ հայեր, որոնք հոգով կլինեն Մխիթարյանի հետ։ Սակայն ես տեսել եմ նրանց, և մենք պայմանավորվել ենք, որ նրանք հայերեն բղավելու են «գոլ մի խփիր»,- մարզչի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռոստովի» միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին: Հայաստանի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել է Ռուսաստան: