Բաժիններ՝

Միկայել Ժանը բարձր է գնահատում հայկական մոդելի հետ հաղորդակցումը. Սերժ Սարգսյանն այցելեց ՖՄԿ կենտրոնակայան

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7­-ին այցելեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ի թղթակիցը, կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ հանդիպումից հետո Հանրապետության Նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի գրքում:

Միկայել Ժանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին կազմակերպություն այցելելու և 2018թ-­ին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալելու համար: «Պարոն Նախագահ, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք քննարկելու այն թեմաները, այն խորագիրը, որի ներքո Հայաստանը կուզենա անցկացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Քննարկեցինք նաև այն ուղերձները, որ Հայաստանը կցանկանա փոխանցել, ինչպես նաև էներգիան, հաստատակամությունը, վճռականությունն ու լավատեսությունը, որ Հայաստանը կցանկանա փոխանցել: Պարոն Նախագահ, ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, թե որքան կարևոր է մեզ համար հայկական մոդելը, թե որքան մեծ նշանակություն ունի մեզ համար հայկական մոդելի հետ հաղորդակցվելը. այն, ինչ Հայաստանն արդեն իրագործել է և այն, ինչ Հայաստանը պատրաստվում է իրագործել»,- շեշտել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը: Միկայել Ժանի խոսքով` Ֆրանկոֆոնիան հարուստ է իր բազմազանությամբ, այն ժառանգությամբ, որ կրում են իր անդամները և այն ուղերձով ու տեսլականով, որ կարողանում է փոխանցել Ֆրանոկոֆոնիայի մյուս անդամներին:

Սերժ Սարգսյանը ևս շնորհակալություն հայտնեց կազմակերպության գլխավոր քարտուղարին ջերմ հանդիպման և հյուրընկալության համար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու վստահության համար:

«Շատ շնորհակալ եմ Ձեզ աջակցության համար, մենք այդ հանգամանքն ընկալում ենք որպես Ֆրանկոֆոն երկրների կողմից վստահություն Հայաստանին»,-­ շեշտեց Հանրապետության ղեկավարը` հավաստելով, որ Հայաստանը բարձր մակարդակով կանցկացնի կազմակերպության գագաթնաժողովը:

Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը կազմակերպությունում իր նախագահության ընթացքում հիմնական ուշադրությունը դարձնելու է զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և երիտասարդության հետ կապված հարցերի վրա: «Այս ընթացքում` երեկվանից սկսած արդեն մինչև 2018թ-­ի հոկտեմբեր, կրկնակի­եռակի եռանդով պետք է անցկացնենք միջոցառումներ, տարածենք ֆրանսիականը և ֆրանսերենը: Եթե հնարավորություն կունենաք Ձեր բազմազբաղվածության մեջ, խնդրեմ, մենք Ձեզ հրավիրում ենք Հայաստան գագաթնաժողովից առաջ: Շատ շնորհակալ եմ ջերմ հանդիպման և ընդունելության համար»,-­ նշեց ՀՀ Նախագահը:

Միկայել Ժանը դրական արձագանքեց ՀՀ Նախագահի հրավերին` նշելով. «Մինչ շատ շուտով Երևանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս