«Հին, բարի ավանդույթներով իշխանություններն ահաբեկել էին քաղաքացիներին, որ մեր հետ հանդիպմանը չգան». Արմեն Մարտիրոսյան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր քարոզարշավը սկսել է Չինարիից՝ Հայաստանի սահմանամերձ ամենակարևոր գյուղերից մեկից։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իրենց ուղերձն այն է, որ երկրի համար իսկապես անվտանգությունը թիվ 1 խնդիրն է, և անվտանգությունը կարելի է ապահովել բացառապես ամուր թիկունքով։

«Եվ ամուր թիկունք չի կարող լինել, եթե մենք չկարողանանք Հայաստանում արդարություն հաստատենք։ Մենք Տավուշի մարզից ենք սկսել մեր քարոզարշավը և այս պահին Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանում ենք, գյուղերով հանդիպում ենք քաղաքացիների հետ։ Քիչ առաջ Բերդում էինք, և, չնայած նրան, որ հին, բարի ավանդույթներով իշխանություններն ահաբեկել էին քաղաքացիներին, որ մեր հետ հանդիպմանը չգան, բայց, այնուամենայնիվ, հանդիպումը կայացավ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը։

Հարցին, թե քաղաքացիներն արդյոք հետաքրքրվա՞ծ ընտրություններով, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ոչ թե հետաքրքրված չեն, այլ, ինչպես միշտ խորը թերահավատություն ունեն, որ իշխանությունները փոքր-ինչ օրենքի շրջանակում կգործեն։

Տեսանյութեր

Լրահոս