Բաժիններ՝

Ըմբշամարտի ֆեդերացիան հերքում է. ըմբիշների աշխատավարձը տրվում է ժամանակին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հերքում է լուրերն այն մասին, որ ֆեդերացիայում աշխատավարձերը չեն վճարվում Օլիմպիական խաղերից հետո:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ֆեդերացիայի պատասխանատուները:

«Մամուլում լուրեր էին հայտնվել, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը 2 միլիոն դոլար է խոստացել և մինչ հիմա չի տվել աշխատավարձերն ու պարգևավճարները: Մենք քաղաքակիրթ ենք և թափանցիկ կերպով ձեզ կներկայացնենք ամեն ինչ, դուք կտեսնեք, որ ֆեդերացիան որևէ խնդիր չունի»,- ասաց ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ փորձ է արվում վարկաբեկել այն ամեն լավն, ինչ կա ֆեդերացիայում: «2009 թվականին, երբ ֆեդերացիան գլխավորեց Սամվել Կարապետյանը, մենք միշտ պատշաճ կերպով ստացել ենք աշխատավարձերն ու պարգևավճարները: Բոլոր հարցերը և խնդիրները, որոնք դրվել են ֆեդերացիայի առաջ, միշտ լուծում են ստացել»,-ասաց Օլիմպիական չեմպիոնը:

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի փաստմամբ՝ ֆեդերացիայում ցանկացած ֆինանսական հարց կանոնակարգված է և բոլորը գիտեն, թե աշխարհի չեմպիոն դառնալիս, Եվրոպայի կամ Օլիմպիական չեմպիոն դառնալիս որքան գումար են ստանալու:

Մարզիկների անունից լրագրողներին դիմեց նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը` ասելով. «Եթե ոմանք այս կերպ փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, ապա նրանց դա չհաջողվեց: Եթե չլիներ Սամվել Կարապետյանը, ապա ըմբշամարտով զբաղվելը կլիներ վնասակար մարզիկների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս