«Հիմա ամեն դիրքում սարքավորումներ կան, որը հնարավորություն կտա ցանկացած եղանակի պայմաններում հայտնաբերել հակառակորդի առաջխաղացումը և գործողությունները»
«Լայնամասշտաբ գործողություն հնարավոր է, բայց նայած՝ ինչ դրա տակ կտեսնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
Նա նկատեց, որ նախորդ տարվա ապրիլ ամսին տեղի ունեցածը լայնամասշտաբ գործողություններ էին, բայց պատերազմի իմիտացիա էր. «Նման փորձեր ինքը միշտ անելու է, որպեսզի ներսում ինչ-որ խնդիրներ լուծի: Ինքը շատ հանգիստ կարող է արտաքին թշնամու ֆակտորն առաջ քաշելով, թեժացնելով դեռ չհանգած պատերազմը, պատերազմական գործողությունների իմիտացիա անելով՝ փորձել հասարակության ուշադրությունը շուռ տալ մեզ վրա»:
Վ. Վարդանովն ընդգծեց, որ կարևոր է հասկանալ մեր անելիքները: Նրա խոսքով՝ պետք է սահմանը կամ ճակատային գիծն այն աստիճան լավ պահենք, որ հակառակորդի մոտ ցանկացած առաջխաղացում «ծիլ տալու պահին ոչնչացվի»:
«Եթե փորձենք վերհիշել անցած տարվա ապրիլյան գործողությունները, իրենք էլ էին սկսում սահմանը նախապատրաստելով: Դա նշանակում է՝ ականազերծման աշխատանքներ անել, ինժեներական աշխատանքներ անել: Հիմա էլ նմանատիպ աշխատանք էին նրանք փորձում անել, երբ մերոնք՝ նկատի ունեմ որոշ լրատվամիջոցներ և նույնիսկ Պաշտպանության նախարարությունն էլ, հայտարարություն արեցին, որ նա բացահայտ հարձակում է արել:
Դա այնքան էլ ճիշտ չէ, այսինքն՝ հա՛մ ճիշտ է, հա՛մ ոչ: Մի քիչ գրագետ չէ: Դա ավելի շուտ նախապատրաստում է լայնածավալ գործողությունների, ոչ թե լայնածավալ գործողություն է: Երևի, եթե միշտ այս ձևով դրան արձագանքենք, ապրիլը տեղի չէր ունենա:
Ապրիլից հետո առաջնագծում բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, ու նման պատերազմական գործողությունների իմիտացիաներ անելը շատ է դժվարացել հակառակորդի համար:
Հիմա ամեն դիրքում սարքավորումներ կան, որը հնարավորություն կտա ցանկացած եղանակի պայմաններում հայտնաբերել հակառակորդի հետախուզադիվերսիոն կամ ինժեներասակրավորային խմբի առաջխաղացումը և գործողությունները: Այդ բացահայտումը թույլ է տալիս կանխարգելիչ գործողություններով փակել այդ ուղղության վրա պատերազմի կամ պատերազմի իմիտացիայի վերսկսման փորձը»,- նշեց Վովա Վարդանովը: