«Սովորաբար, ցեղասպանություն որոշելու համար պետք է միջազգային հանրության կարծիքը». Գալուստ Սահակյան

«Մեր խորհրդարանի վատ ավանդույթի համաձայն՝ նախագծերը քառօրյայից քառօրյա տշվում են»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ ուզում է հասկանալ՝ ի՞նչն է խանգարում այս քառօրյայում քննարկման դնել ԱԺ հայտարարության նախագիծը՝ 2014 թվականին սկսված և առ այսօր շարունակվող Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանական գործողություններ որակելու. «Մենք լավություն չենք անում մեր եզդի բարեկամներին, մենք ընդամենը փորձում ենք տեղի ունեցած փաստին տալ իրավական գնահատական»:

Գ. Սահակյանն ասաց, որ այդ հարցով բոլորն են զբաղված. «Այն նախագիծը, որ ներկայացրել եք, ոչ թե համարում է ցեղասպանություն, այլ որոշակի ջարդեր, կոտրածներ, ու բոլորս դրանում համաձայն ենք, սովորաբար, ցեղասպանություն որոշելու համար պետք է միջազգային հանրության կարծիքը, իսկ մենք էլ գտնում ենք, որ շատ վատ երևույթ է տեղի ունեցել, և մենք մեր խոսքը պետք է ասենք: Ինչ վերաբերում է նախագծին, ես կարծում եմ՝ դրանով ո՛չ եզդի ժողովրդին օգուտ կտանք, ո՛չ էլ այդ գործընթացին: Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք  աշխատենք, որպեսզի նաև միջազգային կառույցները մեզ հետ միասին կարողանան որոշակի դրույթներ մշակել: Իհարկե, եթե այս նիստի ժամանակ որոշակի ժամանակ առաջանա, կարծում եմ՝ նաև կարելի է դնել ու քննարկել»:

ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը նույնպես հարցով դիմեց ԱԺ նախագահին՝ նշելով, որ արդեն երրորդ անգամ է այս հարցը բարձրացնում. «Հարցս վերաբերում է հետախուզման մեջ գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին: Կառավարությունը չի ուզում բերի այս նախագիծը: Այս օրենքը դեռևս գործում է, բայց 2 տարի է՝ այս օրենքն օդում կախված է: Ես առաջարկել եմ հետևյալը, դիմում եմ նաև ՀՀԿ-ին, դեմ չեմ, որ այս օրենքն այլևս դադարի գործել, բայց  դա կարող է լինել, ասենք, առաջիկա մայիս ամսվանից սկսած: Անցած երկու տարիների համար կան հարյուրավոր դիմումներ, երբ մարդիկ պատրաստ են օրենքով սահմանված գումարը մուծել, դուրս գալ հետախուզումից ու գալ Հայաստան: Եկեք որոշում կայացնենք՝ մինչև մայիս բոլոր դիմումներին ընթացք տալ, որից հետո, եթե ուզում եք կանգնեցնել այդ օրենքը, եկեք որոշում կայացնենք»:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Գ. Սահակյանն ասաց. «Եթե օրենքի նախագիծը լինի, ես կարողանամ մինչև վերջ քննարկել, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, պետք է կարողանանք ինչ-որ ձևով գնալ դրան: Խնդրում եմ՝ օրենքը ներկայացրեք, ես փորձեմ ընթացք տալ»:

Տեսանյութեր

Լրահոս